Ապրելով նրա հետ մեր փոքրիկ քաղաքում` կարող էի նրա կողքով անցնել ու չիմանալ, թե առաջին հայացքից մյուսներից ոչնչով չտարբերվող, սովորական այս աղջիկը որքան ցավ, զրկանք ու տառապանք է ապրել այսքան երիտասարդ տարիքում:
Եվ ապշում ես, թե որքան վստահություն ու սեր կարող է տեղավորվել այդ փոքրիկ մարմնում... որքան հավատ մարդկանց նկատմամբ...
Նարինեի պատմությունն ինձ ապշեցրեց, ու ես ուզում եմ կիսվել քեզ հետ: Նա ընդամենը քսան տարեկան է, բայց մի ամբողջ ուղի է անցել` փշոտ ու քարքարոտ, ընկել է ու նորից բարձրացել... Սա օրինակն ու ապացույցն է մարդու ուժի ու սիրո անսահմանության:
Ապրելու պայքարի սկիզբը
Իր կյանքի առաջին ցնցող ցավն ապրեց, երբ ընդամենը 12 տարեկան էր: Փոքրիկ Նարինեն կորցրեց ամենասիրելի էակին` մորը: Կյանքի այդ դժվար փուլում նա մնաց մենակ. հարազատները հրաժարվեցին նրա մասին հոգ տանելուց: Նարինեի համար սա ապրելու պայքարի սկիզբն էր: Նա չէր հասկանում, թե ինչու բոլորն իրենից երես թեքեցին:
Նարինեն հայտնվեց Գավառի մանկատանը: Նրա համար շատ դժվար էր ընդունել այն փաստը, որ այլևս չունի իր տունը: «Եթե դու ծնվածդ օրվանից մանկատանն ես, դու արդեն սովորում ես, որ դպրոցից հետո նորից պիտի վերադառնաս մանկատուն: Իսկ ես սովոր էի, որ ինձ դասից մամաս էր տուն տանում: Մամաս այնքան երազանքներ ուներ ինձ հետ կապված, որոնք այդպես էլ չհասցրեց իրականացնել: Նա ուզում էր, որ ես կրթություն ստանայի, ուզում էր ինձ մեծացնել, ինչ-որ բանի հասցնել, իմ հաջողություններով ուրախանալ... Ես չէի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ ես մանկատանն եմ ապրելու: Մանկատանը քեզ հետ աշխատում են, ոչ թե սիրում, այնտեղ քեզ դաստիարակում են, ոչ թե ուղղորդում, քննադատում են, ոչ թե ցավում: Ժամանակի ընթացքում ավելի սուր էի զգում մորս կարիքը, նրա խորհրդի ու սիրո պակասը»:
Ոտնաձայներն ավելի ու ավելի էին մոտենում նրան
Նարինեն փախավ մանկատնից, որովհետև կարոտել էր մորն ու ցանկանում էր այցելել նրա շիրիմին: Այդ օրը նա մի տեսակ անսովոր կապ էր զգում մոր հետ, կարծես՝ նա կենդանի լիներ, իր կողքին լիներ: Նարինեն չէր նկատել, թե ինչպես է երեկոն վրա հասել, և երբ որոշեց վերադառնալ մանկատուն, արդեն մութ էր: Նա քայլում էր ու մտքում դեռ զրուցում մոր հետ, երբ ինչ-որ ձայն լսեց: Կտրուկ շրջվեց, բայց մթության մեջ ոչինչ չկարողացավ տեսնել: Շարունակեց քայլել։ Ոտնաձայներն ավելի ու ավելի մոտիկից էին լսվում:
Երբ հասկացավ, որ իր հետևից գալիս են, փորձեց փախչել, բայց ապարդյուն.... Նրան շրջապատել էին 3 երիտասարդներ: Օղակն աստիճանաբար փոքրանում էր՝ կենտրոնում թողնելով Նարինեին: Այդ ժամանակ նրա 15-ը դեռ չէր լրացել... Երբ ուշքի եկավ, չէր հիշում, թե որքան ժամանակ է գտնվել այդ վայրում, միայն ժամանակ առ ժամանակ սուր ցավ էր զգում բթացած, իրեն չենթարկվող մարմնում... Հիշում էր իայն, որ ինչ-որ մարդիկ կտրեցին իր ճանապարհը, ճանապարհ, որը պիտի հասցներ իրեն մոր գերեզմանից մինչև մանկատուն... Նա պարզապես քայլում էր, չգիտեր, թե ուր:
Ամոթը, շփոթմունքը, վախը, թույլ չէին տալիս նրան վերադառնալ մանկատուն, ու նա պարզապես շարունակում էր քայլել... Հիմա՝ դեպքից տարիներ անց, երբ պատմում էր այս մասին, չէր կարող բացատրել, թե որտեղից էր քայլելու ուժը կամ որքան էր քայլել... Մի պահ միայն մտածել էր քեռու օգնությանը դիմելու մասին, սակայն անմիջապես էլ հրաժարվել այդ մտքից՝ հիշելով նյարդային ձայնով դիմադրող քեռակնոջն ու անճարակությունից գլուխը ձեռքերի մեջ առած քեռուն, երբ մոր մահվանից հետո գիշերօթիկ դպրոցի տնօրենի սենյակում իր և քրոջ մանկատուն տանելու հարցն էր վճռվում: Այդ տեսարանը չափից ավելի կենդանի էր՝ նոր հույսեր փայփայելու համար:
Նարինեն շարունակում էր զարմացնել ինձ: Երբ լսում էի այս պատմությունը, ողջ մարմինս փշաքաղվում էր, ու, եթե անկեղծ, սպասում էի նրա աչքերում ատելություն տեսնել, բայց փոխարենը տեսա ներում...
Հրաշքներ իսկապես լինում են
Այդ դեպքից հետո նա հայտնվեց Հայ օգնության ֆոնդի Երեխաների կենտրոնում: Դա այն վայրն է, որտեղ նրան ընդունեցին ու օգնեցին: Նրա հետ սկսեցին աշխատել ամենատարբեր մասնագետներ: Փորձում էին ամեն կերպ վերականգնել Նարինեի հոգեկան հավասարակշռությունը: Սուր սթրեսի պատճառով նա բոլորովին անօգնական էր ու կոտրված. քննիչները վերջնականապես կորցրեցին իրենց հույսը՝ չկարողանալով որևէ առարկայական ցուցմունք լսել նրանից: Հոգեբաններից անասելի ջանքեր պահանջվեցին, մինչև Նարինեի հոգեկան վիճակը սկսեց աստիճանաբար բարելավվել:
Առողջական շատ խնդրներ լուծելուն զուգահեռ նրա հետ հոգեբանական աջակցության աշխատանքներ էին տարվում, և ի վերջո բոլորովին «անկենդան» աղջիկը նորից սկսեց ապրել: Նարինեն երազում էր իր ընտանիքն ունենալ: Ուզում էր ջնջել իր բոլոր վատ հիշողություններն ու ամեն ինչ սկսել մաքուր էջից: Կենտրոնում նրան օգնեցին ավարտել դպրոցը, ապա տեղավորեցին դասընթացների՝ մասնագիտացում ստանալու նպատակով: Երբ վիճակն անհամեմատ լավ էր, տեղափոխվեց «Զատիկ» մանկատուն: Սակայն շուտով ամեն ինչ գլխի վրա շուռ եկավ, երբ աստիճանաբար կլորիկացող մարմինը մատնեց հղիությունը... Մանկատանը խուճապ սկսվեց. բժիշկուհին տարակուսած վազեց տնօրենի սենյակ, այնտեղից մի ահաբեկված զանգ հնչեց նախարարություն, պաշտոնյաներին... և Նարինեն նորից ՀՕՖ-ի կենտրոնում է:
Ամեն ինչ շատ արագ կատարվեց:
Նրա հղիությունն իսկական հրաշք էր, քանի որ Նարինեն սուր դեղորայքային երկարատև բուժում էր անցել... Այդպես սովորաբար չի լինում:
Այնուամենայնիվ, փոքրիկի գոյության լուրն ավելի քան իրական էր: Նարինեն մտքում տվեց այդ հրաշքի մեկնաբանությունը. «Ես գնում էի փնտրելու իմ մորը և գտա այս փոքրիկին: Ուրեմն պիտի ծնվի ու պիտի կոչեմ մորս անունով...»։ Նա մի կողմ թողեց հղիության պատմությունը, նույնիսկ չցանկացավ մտածել երեխայի հոր մասին: Այդ մտքերը նրան տանջեցին որոշ ժամանակ, սակայն Նարինեն դրանք հեռու մղեց` փոխարենն ամրապնդելով իր բանաձևը՝«մորս փոխարեն»...
ՀՕՖ-ը հեռուստատեսությամբ հայտարարություն արեց այն մասին, որ փնտրում է մի ընտանիք, որը կհամաձայնի իր խնամքի տակ վերցնել դեռատի մորն ու փոքրիկին, մինչև Նարինեն մի փոքր ոտքի կկանգնի: 18 թեկնածուներից ընտրվեց մի թոշակառու տատիկ, ով մենակ էր մնացել ամուսնու մահից հետո և սեփական երեխաներ չուներ: Նարինեն անհամբեր սպասում էր դստրիկի լույս աշխարհ գալուն: Նա որոշել էր երեխային կնքել մոր անունով, քանի որ վստահ էր, որ նա էր ուղարկել իրեն փոքրիկին: Որոշել էր ու այդպես էլ արեց:
Հիվանդանոցում, մինչև երեխայի ծնունդը, բժիշկներից մեկը երկար համոզում էր Նարինեին հրաժարվել երեխայից: «Ասում էր՝ ջահել ես, դեռ ամբողջ կյանքդ առջևում է, իսկ երեխան կխանգարի քեզ անձնականդ դասավորել: Ես նրան հարցրեցի՝ դու երեխա չունե՞ս: Եթե քո երեխային ուզեին քեզանից տանել, դու ինչ-որ մեկին կտայի՞ր նրան: Ես նրան ոչ մեկին չեմ տա: Նա իմն ա... իմ արյունը....»։
Նարինեին հիվանդանոցից դուրս գրելիս ներկա էին ՀՕՖ-ի աշխատակիցներն ու խնամատար մայրիկը: Նարինեն հիվանդանոցից իր բալիկի հետ տեղափոխվեց այդ կնոջ տուն: Նրանք այնքան կապվեցին միմյանց, որ Նարինեն նրան «մամա» էր ասում: Այդ կինը Նարինեին օգնում էր մեծացնել փոքրիկին ու միաժամանակ նաև մեծացնում էր Նարինեին, որը մայրիկ լինելու հետ մեկտեղ դեռ այնքան փոքր էր: Ծեր կինը օգնեց նրան մայր դառնալ: «Մամաս ինձ շատ օգնեց բալիկիս մեծացնելու հարցում: Նույնիսկ երբ երեխես գիշերները արթնանում էր, մամաս էր կերակրում, հանգստացնում էր նրան: Գիտեր, որ ես դժվար եմ արթնանում, թողնում էր, որ քնեմ: Ես նրան մինչև կյանքիս վերջ կսիրեմ ու պարտական կլինեմ, որովհետև նա շատ բան է սովորեցրել ու տվել ինձ»: Նարինեն անսահման ջերմությամբ էր խոսում այդ կնոջ մասին: Ամեն անգամ, երբ ասում էր «մամաս», զգում էի, թե որքան սեր ու քնքշանք կա այդ բառի մեջ:
Կյանքը շարունակվում էր, երեխան մեծանում, իսկ ապրուստի միջոցները գնալով ավելի ու ավելի էին պակասում: Նարինեի խնամատար մայրն ապրում էր Երևանից մեծ հեռավորության վրա գտնվող մի գյուղում, որտեղ աշխատանք դժվար էր գտնել: Երբ երեխան երկու տարեկան էր, Նարինեն որոշեց տեղափոխվել Երևան, աշխատանք գտնել մայրաքաղաքում: «Ես ուժեղ եմ, ես գիտեմ: Եթե ինչ-որ բան որոշում եմ, եթե իսկապես ուզում եմ, ուրեմն պիտի հասնեմ: Թող տարիներ անցնեն, թող դժվարությունների հանդիպեմ, բայց մեկ է, ի վերջո իմ ուզածը լինելու է:
Ես մի բան գիտեմ. մանկատուն իմ երեխան չի գնա, փառք Աստծո, բարի մարդիկ շատ կան մեր շուրջը, նրանք օգնել են, ու վստահ եմ՝ դարձյալ կօգնեն, եթե կարիքը լինի: Գուցե իրավունք չունեմ այսպես ասելու, գուցե մարդիկ իսկապես ունեն դժվարություններ, որոնք անհաղթահարելի են թվում, ու երեխային մանկատուն են հանձնում, բայց ես սեփական փորձից եմ ասում. երեխան ինքն օգնում է հաղթահարել կյանքի դժվարությունները: Երեխան միայն չի վերցնում, նա լցնում է մարդու կյանքը: Մարդիկ ասում են. «Երեխան իր ղսմաթն ունի»: Իմ Արփինեն այդպիսին է, նա ամեն ինչ է, ավելի շատ տալիս է, քան պահանջում: Բավական է նրա «մամա» ասելը, փեշիցս քաշելը, մի ուրախ բացականչություն, մի հեքիաթ, ու ամեն ինչ իր տեղն է ընկնում... Ես մի բան էլ սովորեցի այս կենտրոնում. ինչ է նշանակում ընկածին չհրելը: Այստեղ դա գործով են անում, այստեղ այդպես են մտածում, այդպես ապրում ու այդ բանաձևով էլ աշխատում են...»։
Ընդամենը քսան տարեկան այս աղջիկն արդեն սովորել է, որ ոչինչ հենց այնպես չի լինում, ու ցանկացած ձեռքբերման համար միշտ պետք է վճարել: Ու հաճախ այդ գինը շատ թանկ է լինում:
Ներկայումս Նարինեի կյանքում մի երիտասարդ կա, բայց Նարինեն չի շտապում որոշում կայացնել: «Ուզում եմ վստահ լինել, որ սիրում եմ, որ ուզում եմ նրա հետ լինել: Ես մենակ չեմ, ես աղջիկ ունեմ, որին աշխարհում ամեն ինչից շատ եմ սիրում: Պետք է լավ մտածեմ որոշում ընդունելուց առաջ... Գիտեմ, որ մենակ չեմ մնա, որ կգտնվի այն մարդը, ով պիտի իմ ու իմ բալիկի կողքին լինի: Բայց ամեն ինչ իր ժամանակին պիտի լինի...»։
Ես ուրախ եմ, որ ծանոթացա ու զրուցեցի Նարինեի հետ, իմացա նրա պատմությունը: Հաճախ եմ հանդիպել ուժեղ կանանց, հաճախ լսել եմ անհավանական թվացող կանացի հաղթանակների մասին: Սակայն Նարինեի դեպքը տարբեր է: Այն տխրեցնում է ինձ, քանի որ Նարինեն ժամանակից շուտ, ստիպված մեծացավ, ժամանակից շուտ ու ստիպված իմացավ, թե ինչ են ցավն ու կորուստը: Բայց նաև ուրախ եմ, քանի որ կյանքը Նարինեին ուժեղ կին է դարձրել, սովորեցրել է հաղթահարել ցանկացած դժվարություն, սովորեցրել է՝ ինչ է նշանակում լինել լավ մայր ու կարողանալ հոգ տանել իր ու իր երեխայի մասին: Ավելին՝ Նարինեն պատրաստ է լինել մանկատնից շուտով դուրս եկող կրտսեր քրոջ կողքին, օգնել նրան ոտքի կանգնել. չէ՞ որ կյանքը ոչ ոքի չի խնայում, առավել ևս, երբ հենվելու կետ չկա, երբ ծնողներ չկան կողքիդ:
Այս աղջիկն ինձ համար կամքի ուժի մարմնացում է, դեռատի մայր, ով պատրաստ է իր երեխային ու քրոջը նեցուկ լինել, ու այժմ այնպես մանր են թվում մեր առօրեական մանր-մունր, կենցաղային դժվարությունները:














































































