Լինել մահվան եզրին և փրկվել զուտ երջանիկ պատահականության շնորհիվ... Կանայք անկեղծորեն կիսվում են իրենց ապրումներով և պատմում, թե ինչպես է դժվարին փորձությունը մեկընդմիշտ փոխել իրենց կյանքը: Պարզապես գլխացավ էր...
Թեև, պետք է խոստովանել՝ ցավն ուղղակի անտանելի էր: Ինչևէ, Թիֆանին որոշեց ուշադրություն չդարձնել` վստահ, որ շուտով այն կանցնի: Ու այդպես էլ կշարունակվեր, եթե նա չհանդիպեր ճիշտ մարդու, ճիշտ ժամանակին:
Ինչ-որ առումով մենք բոլորս էլ խաղում ենք կյանքի ու մահվան հետ. օրինակ` երբ հասցնում ես ճիշտ ժամանակին ոտքդ դնել մայթին, մինչ սրընթաց մեքենան անցնում է կողքովդ, իսկական թեթևություն ես ապրում: Սակայն այս կանայք բախվել են մահվանը բոլորովին պատահականորեն` մի օր հայտնաբերելով, որ շտապ բժշկական միջամտության կարիք ունեն և որ առանց հրատապ օգնության՝ նրանց կյանքը վտանգված է: Մեկ ակնթարթում նրանց երջանիկ առօրյան վերածվել է մղձավանջի, սակայն նրանք ի վերջո հաղթել են...
Թիֆանի, 32 տ.
Այդ հինգշաբթի իմ կյանքը փոխվեց մեկընդմիշտ: Անկողնում պառկած` հեռուստացույցով հումորային ծրագիր էի դիտում: Հանկարծ դադարեցի տեսնել. տեսողությունս առհասարակ կորավ: Սարսափից քարացել էի, շփոթված թափահարում էի ձեռքերս, սակայն ոչինչ չէի տեսնում. կատարյալ սպիտակ ֆոն էր: Մոտ 20 րոպե հետո տեսողությունս վերականգնվեց, սակայն սկսվեց սարսափելի գլխացավ: Գալարվում էի ցավից ու չգիտեի ինչ անել:
Դեռահաս տարիքում ունեցել էի ուժեղ գլխացավեր, բայց այս անգամ ամեն ինչ այլ կերպ էր: Ես որոշեցի, որ չափից դուրս երիտասարդ եմ լուրջ առողջական խնդիրներ ունենալու համար և շտապ օգնություն կանչելու փոխարեն մի բուռ ցավազրկող կուլ տվեցի. ուզում էի «անջատվել»:
Անշուշտ, պիտի ավելի զգոն լինեի. չէ՞ որ ինքս դեղագործական ընկերության ներկայացուցիչ եմ, շփվում եմ նյարդաբանների հետ և շատ լավ գիտեմ, թե ինչպիսի լուրջ հիվանդությունների մասին կարող է վկայել նման գլխացավը: Սակայն ես ընդամենը 28 տարեկան էի, իսկ երիտասարդ տարիքում դժվար է պատկերացնել, որ քեզ հետ կարող է որևէ վատ բան պատահել:
Հաջորդ օրը գլխացավը դեռ չէր անցել, ուստի որոշեցի աշխատանքի չգնալ: Ունեի ընդամենը մեկ կարևոր աշխատանքային հանդիպում ծանոթ նյարդաբանի հետ և չէի ուզում այն հետաձգել: Ճաշի ժամանակ պատմեցի այդ կնոջը գլխացավիս մասին: Նա անհանգստացավ և որոշեց անպայման ինձ հետազոտել, սակայն այդ օրն ազատ ժամ չուներ: Մեր զրույցի ընթացքում նրա հիվանդներից մեկն անսպասելիորեն զանգահարեց ու հետաձգեց նշանակված հանդիպումը: Նրա փոխարեն ստուգվեցի ես։ Դա փրկեց իմ կյանքը։ Նման պահերին սկսում ես ակամայից հավատալ Ճակատագրին:
Մեքենայի ղեկին էի, երբ բժիշկը զանգահարեց ու հայտնեց ստուգման արդյունքները. ուղեղի անոթի անևրիզմ` փքվածություն գանգային զարկերակի պատի վրա, որը կարող էր պայթել ցանկացած վայրկյան: Ես շոկի մեջ էի. վախից քարացած` քշեցի մեքենան դեպի մոտակա կանգառը և փորձեցի հասկանալ կատարվածը: Այնպիսի տպավորություն էր, թե ես ֆիլմ էի դիտում և պատահածն ինձ հետ կապ չուներ. չէի կարող հավատալ այդ ամենին:
Հաջորդ ամիսներն անցան ինչպես դժոխքում: Ես ապրում էի մշտական վախի մեջ. ցանկացած շարժումից ու ծանրաբեռնումից անևրիզմը կարող էր պայթել, և ... վերջ: Վախենում էի անգամ փոքրիկ տղայիս գրկել: Իմ հարաբերություններն ամուսնուս հետ նույնպես սկսեցին վատանալ: Ես դժգոհում էի, որ նա բավականաչափ աջակցություն ցույց չի տալիս` հոգու խորքում գիտակցելով, որ նա էլ ինձ պես վախեցած էր ու շփոթված:
Երկու վիրահատություն տարա: Առաջինի ժամանակ համարյա սրտի կաթված ունեցա: Հասկանում էի, որ եթե անգամ կյանքս փրկվի, կարող եմ անդամալույծ մնալ: Ունեցա նաև թուլության պահեր. չէի ուզում ոչինչ ձեռնարկել, նախընտրում էի մեռնել, քան անդամալույծ դառնալ:
Սակայն երկրորդ վիրահատությունը հաջող անցավ, և ուղեղին սպառնացող լուրջ վտանգը վերացավ` որպես «հիշատակ» թողնելով գլխից աջ ականջի հետևն իջնող՝ կիսալուսին հիշեցնող սարսափելի սպին: Վերականգնման փուլը նույնպես դժվարին էր. քնում էի օրական մոտ 20 ժամ, ստիպված էի մշտապես նշումներ անել, քանի որ ամեն ինչ մոռանում էի: Երկար ժամանակ պահանջվեց, որ դադարեմ ինքս ինձ զոհի դերում զգալ և տանջել ինձ «Ինչո՞ւ ես», «Ինչո՞ւ հենց ինձ հետ» հարցերով: Բժիշկը տեսնում էր իմ տառապանքները: Հենց նա էլ մի օր խորհուրդ տվեց ինձ մոռանալ նախկին Թիֆանիին և սկսել կյանքի նոր էջ. ես, իրոք որ, ուրիշ մարդ էի:
Միակ բանը, որ չկարողացա վերահսկել, ամուսնուս հետ փոխհարաբերություններն էին: Օդում պտտվող անորոշությունն ու խնդիրներն էլ ավելի լրջացան իմ հիվանդության ու բուժման ընթացքում: Մենք չկարողացանք հաղթահարել այդ փորձությունն ու մնալ միասին: Ես որոշեցի, որ մենք պարզապես իրար համար չենք ստեղծված: Շուտով բաժանվեցինք, սակայն կարողացանք պահպանել ընկերական փոխհարաբերությունները. միասին մեծացնում ենք մեր տղային: Իսկ ես ամեն օր փառք եմ տալիս Աստծուն՝ փրկվելու ու երեխայիս կողքին լինելու երջանկության համար:
Մելիսա Մոզեր, 25 տ.
2006 թ. ապրիլի 22-ն էր: Երկու ամսից պետք է սկսվեին ավարտական քննությունները, որոնցից մի քանի շաբաթ անց ես ու փեսացուս` Բրեդը, նշանակել էինք մեր հարսանեկան արարողությունը: Ուստի, երբ ինձ մոտ առողջական խնդիրներ ծագեցին, և բժիշկները թոքաբորբ ախտորոշեցին, որոշեցի, որ անկողնում մի քանի շաբաթ անցկացնելուց հետո կկազդուրվեմ, և մեր ծրագրերին ոչինչ չի խանգարի:
Ախտորոշումից երկու շաբաթ անց իմ վիճակը վատացավ: Ես բնակարան էի վարձում ուսանողական ընկերուհիներիս հետ: Այդ առավոտ վեր կացա շատ վատ ինքնազգացողությամբ: Մի կերպ հասա մինչև լոգարան, իսկ այնտեղից վերադառնալիս ուժասպառ ընկա բազմոցին: Ուժեղ ցավեր ունեի կրծքավանդակի հատվածում. ասես շնչահեղձ լինեի: Ընկերուհիներս արդեն համալսարանում էին. ես բնակարանում բոլորովին մենակ էի: Պառկած մնացի մոտ 30 րոպե: Չէի կարող ո՛չ վեր կենալ, ո՛չ էլ հասնել մինչև հեռախոսը` շտապօգնություն կանչելու համար. այնպիսի տպավորություն էր, որ ես դանդաղ մահանում էի:
Հետո հիշեցի, որ ընկերուհիներիցս մեկը հաճախ էր քնած մնում և ուշանում դասերից: Հավաքեցի մնացած ուժերս ու սկսեցի կանչել նրան: Վերջինիս ոտնաձայները լսելով` մեծ թեթևություն ապրեցի. անպարտաճանաչ ու քնկոտ համակուրսեցի ունենալը փրկեց իմ կյանքը:
Հիվանդանոցում իմ վիճակը վերջնականապես վատացավ. սիրտս պարզապես կանգ առավ: Բժիշկներն ինձ ուշքի բերեցին և ստիպված եղան ուղղաթիռով տեղափոխել մեկ այլ՝ ավելի մեծ հիվանդանոց: Այնտեղ պարզեցին, որ ինձ մոտ ոչ թե թոքաբորբ է, այլ արյան թրոմբ, որն արգելափակում էր թոքային անոթների մոտ 90%-ի աշխատանքը, և այնտեղ արյուն համարյա չէր հասնում:
Նշանակվեց շտապ վիրահատություն, որի ժամանակ սիրտս միացվեց արյան արհեստական շրջանառության ապարատին: Երբ բժիշկները փորձեցին հեռացնել այն, սիրտս համարյա դադարեց բաբախել: Նրա աշխատանքը կարգավորելու համար հատուկ սարք մտցրին: Սակայն դա ժամանակավոր լուծում էր: Ինձ ասացին, որ ես հավանաբար սրտի փոխպատվաստման կարիք կունենամ:
Մի քանի օր անց, երբ բժիշկները որոշեցին հանել այդ սարքը, պարզվեց, որ սիրտս արդեն կարող է ինքնուրույն աշխատել: Սա իսկական հրաշք էր: Անգամ անծանոթ մասնագետներն էին գալիս իմ հիվանդասենյակ` ինձ հետ անձամբ ծանոթանալու համար:
Վիրահատությունից որոշ ժամանակ անց մեր համալսարանից երեք ուսանող իրենց դասախոսի հետ միասին մահացան ավտովթարից: Այդ լուրն արագ տարածվեց քաղաքով մեկ: Ինձ շատ մեղավոր էի զգում. ես կենդանի էի` չնայած իմ առողջական խնդիրներին, իսկ նրանք` ոչ:
Փառք Աստծո, ծնողներս և Բրեդը միշտ կողքիս էին և օգնեցին հաղթահարել ամեն ինչ: Աստիճանաբար ոտքի կանգնեցի. անգամ կարողացա մասնակցել ավարտական դիպլոմների հանձնման արարողությանը: Ինձ դիմավորեցին հոտնկայս. հետո բոլորը պատմում էին, թե ինչպես էր իմ պատմությունն օգնել նրանց հաղթահարել մեր համակուրսեցիների ու դասախոսի մահը:
Վերջապես եկավ այդքան սպասված հարսանեկան արարողության օրը: Բրեդն ինձ հետ էր փորձությունների ողջ ընթացքում: Նա անգամ պատրաստ էր ամուսնանալ ինձ հետ հիվանդանոցի մատուռում: Բարեբախտաբար, մենք ի վերջո ունեցանք մեր երազած հարսանիքը։ Հագիս պատվիրված հարսանեկան զգեստ էր, որի հատուկ ձևվածքն օգնում էր թաքցնել վիրահատությունից մնացած մեծ սպին: Արդեն երեք տարի է անցել: Ես ինձ լավ եմ զգում. բժիշկներն ասում են, որ չափավոր սահմանափակումներով` կարող եմ բավական ակտիվ կյանքով ապրել: Դա ուրախալի լուր է, քանի որ իմ ու Բրեդի սիրելի հոբբին արշավների գնալն է:
Օսթեն Էվերետ, 23 տ.
Որպես Մայամիի համալսարանի ֆուտբոլային թիմի դարպասապահ` ես գիտեմ հարված պահել: Բազմաթիվ վնասվածքներ և ուղեղի ցնցումներ եմ ստացել, իսկ մարմինս պատված է սպիներով: Այնպես որ, երբ սկսեցի ուժեղ ցավ զգալ ողնաշարիս հատվածում, պարզապես անտեսեցի:
Մի օր ընկերս, որը բասկետբոլի թիմի անդամ էր, կոտրեց մատը և ես նրա հետ գնացի հիվանդանոց: Քանի որ արդեն տեղում էի, որոշեցի ինքս էլ ստուգում անցնել: Հիմա այնքան ուրախ եմ այդ որոշման համար: Պարզվեց, որ մեջքիս հատվածում փոքրիկ գնդակի չափով անհայտ ծագման գոյացություն կար: Անկեղծ ասած՝ այդ լուրը լուրջ չընդունեցի և մինչև ստուգման պատասխանները ստանալը ապրում էի իմ սովորական կյանքով ու փորձում չմտածել հետևանքների մասին:
Երբ մայրիկս զանգահարեց հետազոտության արդյունքներն ասելու համար, ես նրա ձայնից արդեն հասկացա, որ ինչ-որ լուրջ բան էր պատահել: Ինձ մոտ հայտնաբերվել էր քաղցկեղի տարատեսակ` ոչ հոջկինսյան լիմֆոմա` արդեն IV ստադիայում: Նման ախտորոշմամբ հիվանդների ընդամենը 30%-ն է ապրում հինգ տարուց ավելի: Եթե ես պատահմամբ ընկերոջս հետ հիվանդանոց չգնայի, երբևիցե չէի իմանա ինձ ներսից քայքայող հիվանդության մասին: Հետո բժիշկներն ասացին, որ եթե անհապաղ քիմիաթերապիա չանցնեմ, երկու ամիս էլ չեմ ապրի: Անկեղծ ասած` ես երբեք լրջորեն չէի մտածել մահվան մասին: Կարծում էի, որ կմեկնեմ Սիեթլ, կանցնեմ բուժման կուրսը և կվերադառնամ համալսարան: Բուժման ընթացքում արդեն հասկացա, թե որքան փորձություններ դեռ պիտի հաղթահարեմ:
Այնքան վատ էի ինձ զգում, որ օրերն անց էի կացնում անկողնում` ստամոքսիս ու ոսկորներիս ցավից տանջվելով: Լնդերս մշտապես արյունահոսում էին: Մի օր մայրիկս ինձ տարավ իր հետ յոգայի պարապմունքի, և ես չկարողացա կրկնել անգամ ամենահասարակ վարժությունները: Իմ` նախկինում ամուր ու մարզված մարմինն ինձ պարզապես չէր ենթարկվում: Հիշում եմ, թե ինչպես նստեցի գորգի վրա ու բոլորի ներկայությամբ սկսեցի լաց լինել:
Քիմիաթերապիայից հետո եկա համալսարան` սափրած գլխով և նախկին կյանքիս վերադառնալու մեծ պատրաստակամությամբ: Բայց և այնպես, գիտակցում էի, որ, չնայած հիվանդության թուլացմանը, իմ մարմինն արդեն առաջվանը չէ, և մեծ ջանքեր պետք է գործադրեմ՝ նախկին վիճակին վերադառնալու համար: Հիմա նորից խաղում եմ մեր թիմում և հաստատակամորեն տրամադրված եմ մտնել պրոֆեսիոնալ սպորտ:
Որքան էլ տարօրինակ է հնչում, չնայած իմ դժվարություններին` ես անցյալին չեմ նայում ո՛չ ցավով, ո՛չ ափսոսանքով: Քաղցկեղից շատերը մահանում են, և դա սարսափելի է: Սակայն կան մարդիկ, ում բախտ է վիճակվում հաղթահարել այդ հիվանդությունը: Ես այդ երջանիկներից մեկն եմ, և պատրաստվում եմ ըստ արժանվույն ապրել իմ կյանքի յուրաքանչյուր օրը:
Վտանգավոր ախտանիշներ
Ռիսկի մի՛ դիմիր: Ուշադրություն դարձրու քո առողջությանն ու մի՛ հետաձգիր բժշկական ստուգումը: Ահա որոշ նշաններ, որոնց հանդեպ պետք է առավել զգոն լինես:
Լուսանկարները` ըստ HMI-ի
















































































