Երբ ես մենակ եմ, երջանիկ եմ, երբ երջանիկ եմ` մենակ եմ, պարադո՞քս: Դու գուցե մտածես, որ ինձ մոտ ինչ-որ բան այնպես չէ «մտածող հատվածում» (քանի որ ընդունված է, որ մարդիկ չեն սիրում մենակ լինել), բայց հավատացնում եմ քեզ` ավելի պայծառ ուղեղս երբևէ չի եղել: Լավ, քանի դեռ քեզ լրիվ չեմ խճճել, սկսեմ սկզբից:
Ըստ Աստոյի
Ես շատ վախկոտ էի... Չէ՛, կլաուստրոֆոբիա չունեի, ոչ էլ արախնոֆոբիայով էի տառապում: Միակ բանը, ինչից ես մահու չափ վախենում էի, մենակությունն էր. մենակ ինչ-որ տեղ գնալ, մենակ ճաշել, մենակ կինո գնալ...մենակ... մենակ... մենակ: Իմ այդ ֆոբիան չուներ սահմաններ: Ես նույնիսկ չէի կարողանում մենակ գնալ հեռախոսիս վճարումները կատարելու: Մի անգամ, երբ այնուամենայնիվ, ստացվել էր այնպես, որ ես, «ֆոբիաս գրկած», նստած էի տանը, սկսեցի ինտերնետում հոդվածներ փնտրել: Ես չկարողացա գտնել այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք ինձ հուզում էին: Բայց մտածեցի ու գտա ելքը. պետք է ոչ թե ինչ-որ լղոզված, ինձ հետ փոքր-ինչ ընդհանրություն ունեցող հոդվածներ կարդալ, այլ խոսել հոգեբանի հետ, ով ճիշտ կգնահատի իրավիճակն ու կօգնի ինձ: Ես իրոք օգնության կարիք ունեի. այժմ, երբ վերհիշում եմ ապրումներս, հասկանում եմ, թե որքան եմ փոխվել հոգեբանիս հետ հանդիպելուց հետո:
Ես բավական թերահավատորեն էի տրամադրված, և հնարավոր է, որ գնացի նրան այցելության, քանի որ ուզում էի «փարատել» մենակությունս (կողքիս ոչ ոք չկար): Սկզբում չէի էլ պատկերացնում, որ դեռ շատ անգամ եմ թակելու այն դուռը, որն իմ առջև բացեց երիտասարդ ու հաճելի արտաքինով մի կին` դռան հետ մեկտեղ բացելով իմ հոգու բազմաթիվ շերտեր:
Առաջին այցելությունից հետո ես պարզեցի, որ մենակության կամ կորստի վախը սոցիալական վախերից ամենատարածվածն է: Բոլոր հնարավոր միջոցներով հասարակությունը մեզ սովորեցնում է, որ միայնակ մարդը լիարժեք կյանքով չի կարող ապրել: Նա պարտադիր պետք է ունենա մեկին, ում հետ կկիսի իր տխրությունն ու ուրախությունը: Մեզ ներշնչվում է, որ երջանկությունը սիրելու և սիրվելու, ընկերներով և բարեկամներով շրջապատված լինելու մեջ է:
Նրա հետ առաջին իսկ հանդիպումից հետո ես որոշեցի ինքս ինձ փորձության ենթարկել: Ինձ հարկավոր է մնալ մենակ իմ «ես»-ի հետ, ավելի մտերմանալ ինքս ինձ հետ, ու երբ որևէ բան է լինում իմ կյանքում, ոչ թե վազել ընկերուհիներիցս խորհուրդ հարցնելու, այլ փորձել առաջին հերթին ինքնուրույն գնահատել իրավիճակը: Այդ դեպքում հնարավոր է` ավելի ճիշտ որոշումներ կայացնեմ, քան երբ լսում եմ տարբեր մարդկանց կարծիքն ու իմ կարծիքով՝ ընտրում լավագույն տարբերակը: Ու դա ամենևին էլ չի նշանակում, որ ես մնալու եմ մենակ, պարզապես ընկերներիս ցուցակում առաջինը կլինի իմ անունը, որից հետո միայն կբացվի մեծ ցանկը:
Ես փորձում էի մեր հանդիպումները հնարավորինս խոր վերլուծել ու արդեն գործնականում օգտագործել հոգեբանի խորհուրդները: Բայց եկավ մի շրջան, երբ մենակության այդ զգացումն ավելի սրվեց ինձ մոտ: Ու եթե նախկինում ընկերական շրջապատում իմ ֆոբիան հօդս էր ցնդում, ապա այժմ այն իրեն զգացնել էր տալիս, երբ նույնիսկ շրջապատված էի մարդկանցով:
Հուրախություն ինձ, դա ոչ թե խնդիր էր, այլ, ինչպես քիչ անց հասկացա, առաջընթաց:
Հոգեբանս ինձ բացատրեց, որ նույնիսկ ամենաուրախ և աղմկոտ միջավայրում ես կարող եմ ինձ միայնակ զգալ: Շատ հաճախ նույնիսկ մեր ամենամտերիմ և հարազատ մարդիկ չեն կարող հասկանալ մեզ: Այլ կերպ չի էլ կարող լինել. չէ՞ որ բոլոր մարդիկ ինքնատիպ են: Ամեն մեկն աշխարհը տեսնում է սեփական աչքերով, ընկալում յուրովի և որքան էլ փորձի, չի կարող կյանքին նայել ուրիշի աչքերով, զգալ և մտածել ճիշտ և ճիշտ ուրիշի նման:
Իրականում մենակության վախը սեփական անձի հետ մենակ մնալու վախն է: Քո հոգում կան չլուծված խնդիրներ, կոնֆլիկտներ` ինքդ քեզ հետ, դու փախչում ես սեփական ցանկություններից, որոնք գլուխ են բարձրացնում, երբ կանգնում ես դեմ առ դեմ սեփական «ես»-իդ հետ: Սոցիալական կապերը կուտակված հարցերից և խնդիրներից խուսափելու լավագույն միջոցն են: Այն պահից, երբ դու գիտակցում ես որտեղ են վախիդ արմատները, շրջում ես հայացքդ դեպի ներս, և սկսվում է քո անձնային հասունությունը: Շերտ առ շերտ հոգիդ մաքրվում է կեղծ, հորինված երջանկության պատրանքներից, և դու սկսում ես հասկանալ, թե իրականում որքան խորն է քո հոգին, ինչպիսի գանձեր կան այնտեղ թաքնված:
Դու հասկանում ես, որ կարող ես ինքնուրույն լուծել քո բոլոր խնդիրները, և քեզ հարկավոր չէ կախված, կառչած լինել ինչ-որ մեկից: Դու հասկանում ես, որ կարելի է ինչ-որ բան անել ոչ թե ուրիշի գովասանքին և խրախուսանքին արժանանալու համար, այլ որովհետև դա քո կոչումն է, և դա անսահման բերկրանքով է լցնում քո սիրտը: Այդ ժամանակ դու կտեսնես` ինչպես են մագնիսի նման դեպի քեզ ձգվում մարդիկ, որովհետև դու ուժեղ ես, երջանիկ և ԻՆՔՆԱԲԱՎ: Իսկ սեփական, անձնական տարածք պիտի ունենա յուրաքանչյուր մարդ, տարածք, որտեղ կլինես դու և միայն դու: Եվ դրանից պետք չէ ո՛չ խուսափել և ո՛չ էլ վախենալ:
PS Հոգեբանի խոսքերն ինձ հիշեցրին իմ մանկությունից մի դրվագ: Երբ փոքր էի, երազում էի թիթեռ բռնել: Ես վազում էի նրանց հետևից, երկա՜ր, շա՜տ երկար, բայց ինձ այդպես էլ չէր հաջողվում ոչ մի թիթեռ բռնել: Մի անգամ հանձնվեցի ու պառկեցի դաշտում, և հենց այդտեղ էլ քնեցի: Երբ արթնացա, աչքերիս առաջ «ծիածան» էր. մարմինս պատված էր բազմագույն թիթեռներով .... Իմ ձեռքի թեթևակի շարժումից նրանք թռան երկինք: Ես անչափ երջանիկ էի ու... մենակ...Պարադո՞քս....
Լուսանկարը ըստ HMI-ի












































































