Զուգընկերոջդ մայրը «ջերմ ու մեղմ», մուրաբաներ եփող մայրերի շարքին չի դասվում և բնավ տրամադրված չէ քեզ վերաբերվել ինչպես իր աղջկան: Հասկանում ենք և... ցավակցում ... Ստորև ներկայացնում ենք` ինչպես պետք է վարվել, երբ գիտակցում ես, որ նա քեզ, մեղմ ասած, չի պատրաստվում ընդունել:

Նշանակություն չունի` լավն ես դու, թե վատը, բարեհամբույր, թե անբարեհամբույր, հմայիչ, թե ոչ այնքան... Այն, որ փեսացուիդ կամ ընկերոջդ մայրը կարող է քեզ սվիններով ընդունել, հաճախ որևէ գործոնից կախված չէ: Թերևս, պետք չէ վիճակագրություն ներկայացնել` հարս-սկեսուր հարաբերությունների լարվածությունը բնութագրելու համար: Այնինչ տղամարդկանց պարագայում (փեսա-զոքանչ), ինչպես հավատացնում են փորձագետները, այդ վիճակագրությունը անհամեմատ համեստ է:

«Նա (ընկերոջդ կամ փեսացուիդ մայրը) անհանգստանում է, թե պատրաստվում ես գրավել իր տեղը, և ստիպված պետք է համակերպվի այն մտքի հետ, որ իր որդու կյանքում այլևս կարևոր նշանակություն ունեցող միակ կինը չէ»,- բացատրում է հոգեբան Թերի Ափթերը: Երբեմն նրա, ինչպես դու ես բնութագրում, քննադատական, իշխող, աղմկոտ, զավթողական պահվածքը ձեռքբերովի է լինում: Ավելորդ գլխացավանքից խուսափելու համար անհրաժեշտ է ճիշտ ռազմավարություն ընդունել և հենց ամենասկզբից:

Մի՛ քծնիր

Շատ կանայք կաշվից դուրս են գալիս, միայն թե արժանանան մայրիկի այդքան ցանկալի հավանությանը, բայց՝ իզուր: «Նման վարքագիծը նրա աչքում նսեմացնում է քեզ, և նա կարող է հետագայում դա օգտագործել քո դեմ,- զգուշացնում է Ափթերը: - Ինքդ քեզ պաշտպանելը նոր միջավայրում իսկական մարտահրավեր է»: Առավել նախընտրելի է ոսկե միջինը. հանդես գալ որպես կայացած կին` միևնույն ժամանակ հարգալից վերաբերմունք ցուցաբերելով նրա նկատմամբ: Այսինքն՝ ամեն ինչ միանգամից նրա դեմքին շպրտելու փոխարեն հանգիստ և հստակ բացատրիր` ինչ ես ուզում: Օրինակ՝ սկեսուրդ անսպասելիորեն հայտարարում է, որ պատրաստվում է հանգստյան օրերին ձեզ հյուր գալ, իսկ դուք արդեն նախօրոք այլ պլաններ էիք կազմել: Ասա նրան հստակ, բայց բարեհամբույր տոնով. «Այս հանգստյան օրերին չի ստացվի, բայց եկեք մյուս ամսվա մեջ որևէ օր պայմանավորվենք»:

Հանդուրժող եղիր

Մայրերին դուր չի գալիս նաև այն, որ նրանք իրենց անկարևոր են զգում: Մտածում են, որ իրենց տղան արդեն նոր խորհրդատու ունի, և իր կարիքն այլևս չի զգում: Որպեսզի նա իրեն անտեսված չզգա, պարբերաբար դիմիր նրան, խորհուրդ հարցրու: Օրինակ՝ խնդրիր, որ քեզ սովորեցնի պատրաստել իր հայտնի լոլիկով սոուսը: «Նա ուշադրություն է ակնկալում, և նմանատիպ քայլերը ցույց կտան, որ հարգում և հիանում ես իրենով»,- ասում է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Մալիա Մեյսոնը: Պարզապես ուշադիր եղիր, որ չընկնես ծայրահեղության մեջ. այլապես նա կարող է իր կարծիքը պարտադրել նույնիսկ մանրուքներում:

Զսպիր քեզ

Ոտքից գլուխ զննում է ու սառը տոնով ասում. «Վա՛յ, ինչո՞ւ է զգեստդ այսքան նեղ»: Իհարկե, գիտենք, որ դժվար է...
Այնուամենայնիվ, նույնիսկ այս դեպքում զսպիր քեզ, որ չհակադարձես: Փոխարենը՝ հանգիստ, հավասարակշիռ տոնով ասա. «Չէ՛, նեղ չէ, ճիշտ իմ չափսն է»: Տհաճ մեկնաբանություններին պատասխանիր կատարելապես անվրդով տոնով և որքան քիչ հակադարձես, այնքան լարվածությունն ավելի արագ կանցնի: «Քեզ հասուն մարդու պես պահիր,- խորհուրդ է տալիս Մեյսոնը: - Նման կեցվածքը լավ օրինակ կծառայի և նա կամաչի իր արարքներից»: Եվ հիշիր, նա հակադրվում է քեզ, որովհետև պայքարում է իր դիրքի համար, և ոչ թե որովհետև նա վատն է (մենք իսկապես ցանկանում ենք հավատալ, որ դա այդպես է): Ի վերջո, երկուսիդ էլ միավորում է մի շատ կարևոր հանգամանք. դուք սիրում եք միևնույն տղամարդուն և ուզում եք, որ նա երջանիկ լինի:

Ներգրավիր զուգընկերոջդ

Ունեցել եք, չէ՞, ընկերուհի, ով զուգընկեր գտնելուց հետո «գետնի տակն է անցել». այնքան է տարվել նրանով, որ մոռացել է բոլորի մասին: Ընկերոջդ մայրը մոտավորապես նույնն է զգում, երբ իր տղան գտնում է իր երկրորդ կեսին: Այդ մտքից նա նյարդային վիճակում է հայտնվում և սկսում է թշնամաբար վերաբերվել քեզ: Լուծո՞ւմը: Ըստ Ափթերի, եթե կողքիդ տղամարդն անի հնարավորը, որպեսզի մայրն իրեն մեկուսացած չզգա, ապա լավ հարաբերություններ հաստատելու հավանականությունը մեծ է: Հետևիր, որ միշտ կապ պահպանի մայրիկի հետ: Պարբերաբար զանգելը և ժամանակ առ ժամանակ ընթրիքի հրավիրելը կշոյեն նրա ինքնասիրությունը: Նաև կարևոր է, որ նա տեսնի, թե երկուսով ինչ ուժեղ թիմ եք, թե ինչպես եք հոգ տանում միմյանց մասին:

Չենք երաշխավորում, որ այսքանից հետո շաբաթ օրերին սկեսրոջդ հետ գնումների կամ գեղեցկության սրահ կգնաք, սակայն գոնե կկարողանաք հանգիստ հաղորդակցվել, իսկ դա այս պարագայում արդեն նվաճում է...

Լուսանկարը` ըստ HMI-ի