Դու հետաքրքիր, գեղեցիկ և ոչ պակաս խելացի, երիտասարդ աղջիկ ես: Դու կրթված ես, ունես ձգտումներ և նպատակներ: Դու սիրում ես նոր ծանոթություններ, ունես շատ ընկերներ, բայց այդ ամենի հետ մեկտեղ` մի մեծ մինուս, որը քեզ ամեն ինչում խանգարում է:
Խանգարում է ընկերներիդ հետ շփվելիս, աշխատանքում, կյանքում: Եթե դու 23-24 տարեկան ես, ապա միջին հաշվով քո կյանքում 3-4 լուրջ հարաբերություն արդեն պետք է որ ունեցած լինես: Առաջինը (հաճախ չստացված փորձը) սովորաբար 17 տարեկանում է լինում, երբ, ըստ Արթուր Ռեմբոյի, «լուրջ չի լինում ոչ մի բան»:
Հենց այդ ժամանակ դու զգում ես այն, ինչի մասին այդքան կարդացել ես գրքերում, ամսագրերում և տեսել ֆիլմերում: Սակայն բավական հաճախ գալիս է բաժանման պահը, և քո հոգին, որ լցված էր միայն սիրով, վերածվում է անդունդի, որն էլ երբեք ու ոչնչով չի լցվելու: Դու վստահ ես դրանում: Փորձում ես գտնել հազարավոր «ինչու»-ների պատասխանը: ՆՐԱՆ երկար-բարակ մեղադրելուց հետո սկսում ես պատճառները փնտրել քո մեջ, ու ամենազավեշտալին այն է, որ գտնում ես այդ պատճառները, եթե նույնիսկ դրանք չկան էլ: Այսինչը սխալ ես ասել, այնինչը չպիտի անեիր. առաջին քայլը` ինքնագնահատականը կորցնելու ճանապարհին: Հետո երկար, շատ երկար տառապում ես, խուսափում ես մարդկանցից, չես պատասխանում հեռախոսազանգերին, իսկ հետո, մոռանալով դա, սկսում ես մտածել, որ ոչ ոք քեզ չի հիշում ու քո կարիքը չունի:
Հոգեբանները վստահ են, որ երբ մարդն, առանց իրավիճակը վերլուծելու, ամեն ինչում մեղադրում է իրեն, դա խոսում է ցածր ինքնագնահատականի մասին: Սովորաբար այդ խնդիրն ունենում է խոր արմատներ, որոնք տանում են դեպի մանկություն: Եվ հիմնականում բոլոր հարցերի պատասխանները պետք է փնտրել հենց այնտեղ: Ինքնագնահատականը կարող է նվազել, եթե կյանքի ընթացքում մի շարք անհաջողություններ ես կրում: Ցածր ինքնագնահատականը կարող է բաժանման պատճառ դառնալ, և հակառակը՝ բաժանումը կարող է գցել մարդու ինքնագնահատականը:
Եթե դու ունես նման խնդիր, հոգեբաններն առաջարկում են արդյունավետ մի վարժանք: Հիշիր այն մարդուն, ով վստահ ես, որ սիրում է քեզ: Դա կարող է լինել քո մայրը, ընկերը, զարմիկը: Հիշիր նրա ժպիտն ու ձայնը: Եվ երբ այդ մարդը բավականաչափ ռեալ է դարձել, մտովի պատմիր նրան այն բոլոր հաջողությունների մասին, որոնց դու հասել ես: Կտեսնես, թե քեզ որքան լավ կզգաս: Վարժանքը մի քանի անգամ կրկնելու դեպքում արդյունքն ակնհայտ կլինի:
ՆՈՐ ՍԿԻԶԲ
Ժամանակն անցնում է, վերքն աստիճանաբար սպիանում է, սակայն քո աչքերն այլևս այնպես չեն ժպտում, ինչպես նախկինում: Դու սկսում ես «մարդամեջ» դուրս գալ, և կարծես թե ամեն ինչ կարգավորվում է: Երբ բոլոր կրքերը հանդարտվում են, օրերից մի օր հայտնվում է այն մեկը, ով քեզ բոլորովին նոր աշխարհ է նվիրում: Աշխարհ, որտեղ սիրո, հավասարության և փոխադարձության կանոններն են իշխում: Դու, ով խոստացել էր ինքն իրեն, որ էլ երբեք չի սիրելու, սիրում ես, այն էլ ինչ ուժգնությամբ: Սիրում ես ու վստահ խոստովանում ինքդ քեզ, որ նախորդը սեր չէր. դա քեզ ուղղակի թվացել էր: Դու արդեն գիտակցում ես, որ սերը պիտի բարձրացնի ու թևեր տա, այլ ոչ թե գամի հողին: Դու վերջապես հասկանում ես, որ քեզ սիրում են ու այն նախորդ, «խելագար» սիրուց, որպես նվեր, մնում է միայն մի քանի կոմպլեքս՝ ժամանակ առ ժամանակ գլուխ բարձրացնելով:
Դու ՆՐԱՆ այնքան ես սիրում, որ մահու չափ վախենում ես կորցնել. ահա քո ինքնագնահատականի անկման ևս մեկ պատճառ: Արի նայենք այլ տեսանկյունից. դժվար թե դու կարողանաս որևէ հոգեբանի հավատացնել, որ եթե քո սիրած մարդն այլևս չլինի քո կյանքում, դու չես կարողանա ապրել: Նմանատիպ խնդրից խուսափելու համար հոգեբանները խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ սթափեցնել ինքդ քեզ: Կարող ես փորձել հետևյալ վարժանքը. մտածիր` իսկ հետո ի՞նչ... Ի՞նչ կլինի եթե նա այլևս չլինի քո կյանքում: Կտանջվես, կտառապես: Հնարավոր է՝ այդ ամենը տևի տարիներ, բայց միևնույն է, դու շարունակելու ես ապրել: Առջևում նոր հարաբերություններ են, ինչու ոչ, նաև՝ նոր սեր:
ՆԱ ՔՈ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ
Երբ դուք ընկերներով սրճարանում եք, և ակտիվ զրույց է սկսվում, դու լարում ես մարմնիդ ու հոգուդ յուրաքանչյուր միլիմետրը և նստում «հոտած» դեմքով, քանի որ սիրելիդ թեժ զրույցի է բռնվել մի աղջկա հետ, որն անհետաքրքիր, տգեղ ու անհամ մեկն է (դե, իհարկե, դու նրան ուրիշ կերպ չէիր էլ կարող տեսնել): Դու զգում ես արյանդ հոսքը երակներումդ, գլուխդ տաքանում է, և բոլոր ձայները արձագանք են դառնում: Ու երբ ինչ-որ մեկը քեզ ինչ-որ բան է ուզում ասել, պետք է անունդ կրկնի գոնե երկու-երեք անգամ, որ դու ուշքի գաս: Իսկ արհեստական ժպիտդ, որպես կանոն, երբեք տեղին չի լինում... Գնում ես տուն, պառկում ու քնելուց առաջ սկսում ես հեքիաթներ հյուսել։ Այդ հեքիաթներում դու նրան միշտ «բռնացնում» ես ուրիշի հետ (հնարավոր է՝ հենց սրճարանի աղջկա...
կուլմինացիան և հանգուցալուծումն՝ ըստ ճաշակի): Ու չես էլ զգում, թե ինչպես, բայց նորից սկսում ես սխալը փնտրել քո մեջ. գուցե դու բավականաչափ հետաքրքիր չես, այդ պատճառով էլ նա նախընտրում է զրուցել ոչ թե քեզ հետ, այլ՝ մեկ ուրիշի, գուցե նա արդեն հոգնել է քեզանից... Արցունքներ, նյարդային դող, և ինքնագնահատականն իջնում է ևս մեկ աստիճանով: Այդ ամենի տրամաբանական շարունակությունն են դառնում վեճերն ու խանդի տեսարանները, և հերթական վերջի սկիզբը դրված է:
Բազմիցս լսել ես ծեծված արտահայտությունը` «Սիրիր քեզ, որ քեզ սիրեն»: Դու պետք է հասկանաս, որ եթե չփոխվես, քո ցածր ինքնագնահատականի պատճառով մեկը մյուսի հետևից կկորցնես քո սիրած տղամարդկանց:
Հոգեբաններն այս իրավիճակում առաջարկում են քեզ դնել նրա տեղը: Պատկերացրու մի այսպիսի իրավիճակ. դուք նստած եք սրճարանում և դու հանդիպում ես քո մանկության ընկերոջը, ում վաղուց չես տեսել: Պարզ է, որ հանդիպումը կանցնի բուռն գրկախառնությամբ, ժպիտներով ու հիշողություններով: Իսկ հիմա պատկերացրու, որ քո ընկերը զգում է այն, ինչ դու էիր զգում, երբ նա էր զրուցում ինչ-որ մեկի հետ. չէ՞ որ չարժե անհիմն հետևությունների համար փչացնել հարաբերությունները:
P.S. Պետք չէ մտածել, թե միշտ դու ես սխալներ գործում և զբաղվել ինքնաքննադատությամբ. ցածր ինքնագնահատականից ավելի տանջալի բան չկա: Դուրս հանիր մտքիցդ նման հիմար բաները: Հիշիր, որ դու ամենալավն ես, ցանկալին և միակը: Դու այնպիսին ես, ինչպիսին կաս, և քեզ սիրում են հենց դրա համար:












































































