Քեզ ոչինչ դուր չի գալիս, քեզ նյարդայնացնում են նույնիսկ սիրելի մարդիկ, դու գրեթե միշտ դժգոհ ես: Իհարկե, այս «ախտանիշերի» դեպքում ոմանք խորհուրդ կտային դիմել հոգեբանի, սակայն Cosmo-ն առաջարկում է ի'ր օգնությունը: Ահա մի քանի քայլ՝ կյանքն ավելի թեթև ու գունավոր դարձնելու համար:

Իհարկե, դու կարող ես փնտրել ու ցանկության դեպքում գտնել «մեղավորներ». դա կարող է լինել եղանակը, ձանձրալի աշխատանքային մթնոլորտը, անձնական կյանքի ձախողումները: Ինչևէ, էականը դա չէ. մասնագետները զգուշացնում են, որ նման հոգեվիճակը բացասական ազդեցություն է ունենում քո և ուղղակիորեն քո կյանքի վրա:

Եվ դա միայն վատ տրամադրությունը չէ. դու վերածվում ես պասիվ մի արարածի, ով առաջ շարժվելու փոխարեն դոփում է տեղում: Հիշիր` փոփոխության բանալին քո' ձեռքում է: Հավանաբար լսել ես. «Փոխիր միտքդ, փոխիր կյանքդ» արտահայտությունը: Մենք առաջարկում ենք տարբերակներ, իսկ դու ստուգիր` արդյոք պատրաստ ես մարտահրավեր նետել կյանքին:

1. Գնիր ամսագիր, որը սովորաբար չես կարդում, բայց որը միշտ հետաքրքրել է քեզ: Այն նոր գաղափարներ կներշնչի:

2. Ծանոթ մթերքն անսովոր եղանակով օգտագործիր... մաքրած նարնջի շերտերով, կարմիր սոխով և ամերիկյան ընկույզով աղցան պատրաստիր:

3. Փոխիր սանրվածքդ. դա կարող է լավ ազդեցություն ունենալ տրամադրությանդ վրա: Օրինակ՝ պոչ կապելը (բաց թողնելու փոխարեն) աշխույժ տեսք է տալիս, որն էլ կստիպի քեզ ավելի եռանդուն ու անհոգ լինել:

4. iPod-ի փոխարեն ռադիո լսիր: Նոր երաժշտություն և գերժամանակակից թեմաներ կբացահայտես:

5. Քնիր մահճակալի ոչ թե այն կողմում, որին սովոր ես, այլ հակառակ:

6. Շփվիր ավագ սերնդի քո ազգականներից որևէ մեկի հետ և խնդրիր նրան քեզ տա իր սիրած գիրքը:

7. Համակարգիչդ տեղափոխիր այլ սենյակ: Եթե այն սովորաբար ննջասենյակում է, տար հյուրասենյակ: Միջավայրի փոփոխությունը կազդի աշխատելաոճիդ վրա:

8. Հաջորդ անգամ, երբ գնաս ճաշելու ընկերոջդ հետ, մեկդ մյուսի փոխարեն ընտրեք ճաշատեսակը:

9. Սեքսով զբաղվիր աչքերդ (կամ ոտքերդ ու ձեռքերդ) կապած: Մի զգայարանի աշխատանքի սահմանափակումը (տեսողություն, հպում), կմեծացնի մյուսի աշխատանքը:

10. Գնիր վագրի կամ օձի պրինտով բարձրակրունկ կոշիկ: Դրանք համարձակ տեսք են հաղորդում՝ անկախ նրանից՝ ամենօրյա, խիստ համեստ, թե գայթակղիչ զգեստ ես կրում: Կարող ես հագնել տարբեր կերպ՝ զուգագուլպայով, գուլպայով, զգեստի, նեղ տաբատի կամ ջինսի հետ:

11. Խնդրիր գործընկերոջդ, որի հետ երբևէ չես հանդիպել աշխատանքից դուրս, որ քեզ հետ գա մի փոքր խմելու: Հետաքրքիր կլինի միմյանց տեսնել ոչ աշխատանքային միջավայրում, ավելին՝ դա նրա շրջապատի մարդկանց հետ հանդիպելու հնարավություններ կստեղծի:

12. Այցելիր մարզասրահ` առօրյադ թարմացնելու, նոր գաղափարներով զինվելու համար:

13. Մեկ օրով ստանձնիր հարևանուհուդ կամ եղբորդ երեխային խնամելու գործը: Փոքրիկի աչքերով աշխարհը տեսնելը հիմնովին կվերափոխի քո ներաշխարհը:

14. Այցելիր համերգ, որի մուտքն ազատ է, և որտեղ հնչող երաժշտությունն այնքան էլ քո ճակաշով չէ: Անգամ եթե ատում ես այդ մեղեդիները, դու կլինես մի միջավայրում, որը խիստ տարբեր է քեզ համար սովորական դարձած միջավայրից, և դրանով իսկ` ինտրիգային:

15. Ընկերոջդ հետ գնումներ կատարելիս խնդրիր նրան ընտրել մի զգեստ, որը նրա կարծիքով լավն է, սակայն քո ոճին համապատասխան չէ:

16. Տեսավարձույթի սրահում ընտրիր մի բաժին, որը սովորաբար աչքաթող ես անում, ասենք՝ արտասահմանյան կամ վավերագրական ֆիլմերի: Ընտրիր հենց առաջին ֆիլմը, որ կգրավի ուշադրությունդ, և երեկոդ անցկացրու դրա ուղեկցությամբ:

17. Այցելիր օծանելիքի սրահ և խնդրիր մի քանի նմուշ, որ կարելի է տուն տանել: Ընտրիր տարբեր բույրեր` մրգային, ծաղկային: Բույրերն ուժեղ ազդեցություն են ունենում տրամադրության վրա. դու կարող ես մի օր քեզ պատկերացնել սեքսուալ, իսկ հաջորդ օրը` քնքուշ մի աղջնակ՝ կախված նրանից, թե ինչ բույր ես ընտրել:

18. Աշխատավայրում կամավոր մի զվարճալի աշխատանքով զբաղվիր, օրինակ՝ ընկերության համար թվիթ արա կամ միջոցառումների ծրագիր ներկայացրու:

19. Այցելիր uroulette.com՝ մի վեբ կայք, որն ամեն անգամ անիվը սեղմելիս քեզ տանում է բոլորովին պատահական մի կայք:

20. Մի հանգստյան օր հիմնովին վերադասավորիր ննջարանդ: Նոր ինտերիերը կստիպի քեզ նորովի մտածել:

21. Խնդրիր ընկերոջդ մերսել ոտքերդ, ձեռքերդ կամ գլուխդ... հասարակական վայրում:

22. Վերականգնիր կապը հին ընկերներիցդ մեկի հետ, ում վերջերս չէիր հանդիպել, և խնդրիր նրան ընտրել մի բար կամ սրճարան` միասին այցելելու համար:

23. Հիշիր անցած տարիները: Ո՞ւր էիր սովորաբար գնում տարիներ առաջ. Գնա այնտեղ: Այն քեզ մտովի կտեղափոխի անցյալ և հաճելի հիշողություններ կարթնացնի:

24. Շաբաթը մեկ օր ընդմիջմն համար ընտրիր մի որևէ նոր վայր. Դա կարող է լինել գործընկերոջդ սենյակը, մոտակա այգին կամ հարևանությամբ տեղակայված սրճարանը:

25. Նոր իրեր գնիր բնակարանիդ համար: Փոքրիկ լուսամփոփը, գույնզգույն մոմերը, վարագույրի նոր շղարշը կշոյեն ոչ միայն աչքդ, այլև հոգիդ:

26. Ստեղծիր քո անձնական գրադարանը. ընտրիր ցանկացած գիրք` դասական թե նորագույն գրականությունից: Նոյեմբերյան սառը երեկոներին տաք թեյի ուղեկցությամբ գիրք ընթերցելը, հավատա, անչափ հաճելի է:

Գիտակցիր թույլ կողմերդ

Մարդկանց տեղում դոփելու պատճառներից մեկն առաջ շարժվելու մեջ իմաստ տեսնելու նրանց ունակության կորուստն է: Առաջ գնալու համար խթան չունենալով՝ մենք մեզ թողնում ենք ինքնահոսի: Ամերիկյան հայտնի բեստսելլերների հեղինակ Մարկուս Բուքինգհշամն առաջարկում է իր «բաղադրատոմսը». «Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում գրի առ այն պահերը, երբ հատկապես եռանդուն ու աշխույժ ես:

Հետո աչքի անցկացրու գրառումներդ, տես, թե ինչն է քեզ ոգևորել և փորձիր օրակարգումդ արքան հնարավոր է շատ այդպիսի գործողություններ ներառել: Այո՜, արա դա, անգամ եթե ստիպված ես կրճատել մյուս գործողությունները: Որքան շատ ժամանակ տրամադրես այն ամենին, ինչը սիրում ես, այնքան ավելի ազատ (և երջանիկ) կլինես»:

Լուսանկարը` ըստ HMI-ի