Ընկերական հավաքույթ, բարձր երաժշտություն, ալկոհոլի հեղեղ և երիտասարդներ... Խնդիրը՝ «Չեմ ուզում նրան կիսել ոչ մեկի հետ»: Խնդրի բնույթը՝ հոգեկան դրամա: Սեանսների քանակը՝ 5

Սկզբում նա ինձ բոլորովին չհետաքրքրեց, քանի որ չէի սիրում չափից դուրս ինքնավստահ ու չափից դուրս ուշադրության հավակնող երիտասարդներին:

Ես միշտ տարբերակում էի տղամարդկանց «կնամոլ» ենթատեսակը` կանացի սրտերի կոլեկցիոներներին, և միշտ խուսափում նրանցից: Այնպիսի տպավորություն էր, ասես երեկույթի մասնակիցներից նա միայն ինձ չէր ճանաչում. անընդհատ փնտրում էր իմ հայացքն՝ այդ բացը լրացնելու համար, իսկ ես ջանասիրաբար խուսափում էի: Երբ ալկոհոլը սեղաններից պակասեց՝ իր տեղը գտնելով մեր ստամոքսում, առավել ակտիվացած երիտասարդը մոտեցավ ինձ:

-Չորս կիլո կարտոֆիլը քանի՞ ժամում կմաքրես:

-Ես կարտոֆիլն առանց մաքրելու եմ ուտում:

Հարցն ինձ համար անսպասելի էր, ու պատասխանս էլ սրտովս չէր, բայց շարունակում էի պարել: Քիչ անց հասկացա, որ հետևում եմ նրան, իսկ նա արդեն ինձ չէր էլ նայում:

Առավոտյան գլուխս մի քիչ ցավում էր (երբեմն այդպես լինում է հավաքույթներից հետո)։ Մոտեցա համակարգչիս և բացեցի սոցիալական կայքէջս: Կարո՞ղ եք գուշակել, թե ինձ ով էր գրել։ Այո՛, նա էր: Իմացա նրա անունը, տարիքը և այն, որ շատ ընկերներ ունի, առավելապես՝ աղջիկ ընկերներ: Նրա ցուցակում եղած կանայք հակասական տպավորություն էին թողնում` սկսած կիրթ և խելացի աղջիկներից (կարդացի նրանց գրած մեկնաբանությունները), մինչև ոչինչ չասող հայացքով, բայց բոլոր չափանիշներին համապատասխանող «թռչնակներ»...

Շարունակելով նախորդ օրվա մեր խոսակցության թեման՝ նա ինձ գրել էր. «Ես երբեք չեմ կերել չմաքրած կարտոֆիլ, ինձ համար կսարքե՞ս»։

Երկու շաբաթ ինտերնետային շփումից հետո նա փորձեց այդ կարտոֆիլը: Չհասցրեցի հասկանալ, թե ինչպես, բայց սիրահարվեցի այդ ինքնավստահ ու սրտակերի համբավ վայելող երիտասարդին: Պարզվեց, որ նա շատ հետաքրքիր ու խելացի մարդ է, ու, անկեղծ ասած, ես սկսեցի հասկանալ այն աղջիկներին, ովքեր կարկամում էին նրա առջև: Սկզբում այդ ամենը նույնիսկ զվարճալի էր թվում, բայց հետո սկսեց կրծել հոգիս: Մշտական sms-ներ, գրկախառնություններ տարբեր աղջիկների հետ և ամենուր: Նրա հեռախոսին հաճախ զանգեր էին գալիս, օրինակ՝ Անդոյից, բայց ես հստակ լսում էի կանացի ձայն, որը դժվար թե Անդոյինը լիներ:

Նա երդվում էր, որ միայն ինձ է սիրում ու նրան ժամանակ է պետք իր «հներից» ազատվելու համար: Ժամանակն անցնում էր: Մենք շարունակում էինք գնալ տարբեր հավաքույթների, բայց ես այլևս չէի կարողանում ո՛չ լիցքաթափվել, ո՛չ վայելել երաժշտությունը, քանի որ պահակի նման հետևում էի նրան: Ես սկսում էի ատել ինձ, քանի որ ո՛չ նրա կողքին էի կարողանում մնալ, ո՛չ էլ նրանից անջատ ապրել:

Տարբեր աղբյուրներից ինձ լուրեր էին հասնում, թե նրան տեսել են ուրիշ աղջիկների ընկերակցությամբ, իսկ ես մտքումս կարծում էի, թե նախանձում են ինձ: Ես հակված էի հավատալ նրան, և նա իր հերթին երդվում էր, որ միայն ինձ է սիրում: Ուղեղումս ամեն ինչ տակնուվրա էր լինում, քանի որ, այո՛, հավատում էի, բայց, միևնույն է, ուտում էի ինձ ներսից՝ կանացի ձայնով «Անդո»-ների կամ «էլեկտրիկ Գագո»-ների զանգերի պատճառով:

Քանի որ ինձ թվում էր, թե բոլորն ինձ նախանձում են ու խաբում, միակ մարդը, ում կարող էի վստահել ու հավատալ, հոգեբանն էր: Պայմանավորվեցի և արդեն օրերն էի հաշվում, թե երբ եմ գնալու ընդունելության:

Պատմեցի ամեն ինչ: Նա ուշադիր լսեց ու ասաց.

-Դու բավական տեղեկացված ես տղամարդու այս տեսակի մասին, բայց չես խուսափել նրա թակարդից: Դա ունի իր պատճառները` գուցե կյանքի փորձի պակասը, գուցե «սպորտային հետաքրքրությունը», գուցե ցածր ինքնագնահատականը... Գուցե որոշ ժամանակ նույնիսկ երջանիկ լինես, բայց հերիք է լինի չվստահելու գեթ մեկ առիթ, որ քո հանգստությունը հօդս ցնդի և «կասկածի որդը» սկսի կրծել քեզ ներսից: Այս վիճակը չի կարող երկար շարունակվել. հարկավոր է փոխել տակտիկան, որպեսզի վերջնականապես թույլ չտաս քո անձի քայքայումը, քո «ես»-ի ոչնչացումը: Կամ էլ փորձիր «մատների արանքով» նայել նրա «չարություններին», ընդունել դա որպես նրա անձի անբաժանելի մաս:

Ես հասկանում էի, որ նա ճիշտ է ասում: Շատ հարցերում համաձայն չէի նրա հետ, բայց գիտակցում էի, որ նա իրավացի է:

Հոգեբանի խոսքերը դեռ հնչում էին գլխումս, երբ հերթական անգամ զնգաց ընկերոջս հեռախոսը: Նա լոգանք էր ընդունում: Պատասխանեցի ես: Իմ ձայնը լսելով՝ հեռախոսն անջատեցին: Կատաղությունս աճում էր: Ես սկսեցի փորփրել նրա հաղորդագրություններն ու գտա այն, ինչից այդքան վախենում էի: Երբ լոգարանից դուրս եկավ, ասացի, որ աղջիկ էր զանգել իրեն: Նա մոտեցավ ինձ ու համբուրեց գլուխս:

-Խնդրում եմ մի՛ սկսիր: Այո՛, կա մեկը, բայց ես չէի ուզում քեզ ասել, որ իզուր տեղը չնեղվես: Դե հիմա, ի՞նչ կարող եմ անել: Ամեն կերպ բացատրում եմ, բայց չի հասկանում: Ոչինչ, սե՛րս, մի քիչ ժամանակ տուր, ամեն ինչ կկարգավորվի:
Ես միանշանակ ատում եմ այդ բառը` «ժամանակ»: Ես նորից ոչինչ չկարողացա անել, պարզապես հավաքեցի հոգեբանի հեռախոսահամարն ու խնդրեցի, որ նա ինձ կրկին ընդունելություն նշանակի:

Հոգեբանին ասացի, որ ուզում եմ հետևել ընկերոջս ու տեսնել, թե ում հետ է հանդիպում, երբ, օրինակ, ասում է, որ աշխատավայրում երկար է մնալու կիսատ գործերի պատճառով, կամ ուր է իրականում գնում, երբ ասում է, թե ընկերների հետ է ու ինձ չի կարող իր հետ տանել:

-Հետևել, ստուգել, հարաբերություններ պարզել, արգելքներ դնել, վերջնագիր ներկայացնել. այս բոլորն անարդյունավետ, հարաբերությունների և անձի քայքայմանը տանող քայլեր են: Ավելի լավ է միանգամից հրաժարվել դրանցից,- խորհուրդ տվեց նա:

Հոգեբանը ճիշտ ժամանակին կանգնեցրեց իմ մտքի հոսքն ու օգնեց, որ մտքերս դասավորեմ իրենց «դարակներում»:

Շատ բարդ էր, բայց ես հաղթահարեցի: Իհարկե, դրա դիմաց շատ թանկ վճարեցի. ես հեռացա նրանից։ Բայց արդյունքը միանշանակ իմ սրտով է, ի՛մ սրտով, որը էլ երբեք չի լինի ոչ մի «կոլեկցիոների» ձեռքում, եթե նույնիսկ ամենալավ ու մաքուր «դարակն» ինձ հատկացված լինի:


Խորհուրդ 1։ Չսիրահարվել: Թույլ մի՛ տուր, որ քեզ օգտագործեն ու դեն նետեն: Նրա հետ ժամանակ անցկացրու, թույլ տուր, որ հաճոյախոսի քեզ, նվերներ մատուցի...., բայց աշխատիր զսպել զգացմունքներդ:

Խորհուրդ 2։ Եթե ակնկալում ես լուրջ հարաբերություններ հաստատել նման երիտասարդի հետ, ունես մի քանի տարբերակ.

- Վերադաստիարակել,

- Ստիպել նրան, որ թաքցնի իր «քաջագործությունները»,

- Բաժանվել,

- Դիմանալ,

- Ընդունել նրան՝ ինչպես որ կա, և փորձել երջանիկ լինել։

Լուսանկարը` ըստ HMI-ի