Հրաշալի է, չէ՞, երբ տեմպի մեջ ես. մի անգամ հաջողությունը ժպտում է քեզ, հետո դրան հաջորդում է մյուսը և այսպես` առանց դադարի: Իսկ գիտե՞ս, որ այդ տեմպը կարող ես պահել միշտ:
Պատկերացրու հերթական երեքշաբթին է։ Աշխատանքի գնալուց առաջ մտնում ես խանութ` յոգուրտ գնելու, և պատահաբար հանդիպում համադասարանցուդ, ով վճարում է նաև քո փոխարեն: Քիչ անց վերելակ ես նստում, ու չնայած առավոտյան 8:30-ն այնքան էլ հարմար ժամ չէ սեթևեթելու, վերելակում ժպիտներ ես փոխանակում սիրունատես մի տղայի հետ, և վերելակից դուրս գալիս նա հարցնում է անունդ:
Կեսօրին հաշվետվություն տալու ժամանակ փայլում ես վերելակի տղայի պատճառով` դեռ տարված լինելով փոքրիկ այդ միջադեպի մասին մտքերով: Կարող ես մտածել, որ հաջող օր էր, բայց հոգեբանները կասեն, որ դա հաջողության հետ որևէ կապ չունի:
«Երբ որևէ դրական բան է պատահում, այն լավատեսություն ու վստահություն է հաղորդում մարդուն, ինչը խթան է դառնում նոր դրական փոփոխությունների համար»,- ասում է հոգեբան Քեթրին Կարդինալը:
Դոմինոյի էֆեկտը
Վստահության ազդակի դեպքում ամենաչնչին բանն էլ կարող է մղում տալ, օրինակ՝ առավոտյան սուրճը կամ գտնված ականջօղդ, որ վաղուց կորած էիր համարում: «Դա բացատրվում է նրանով, որ երբ որևէ մեկը քեզ համար հաճելի բան է անում, կամ ինչ-որ բան քո սրտով է լինում, այդ ամենին նորովի ես վերաբերվում,- բացատրում է Սյուզան Աքստերը, ով աշխատում է Լոս Անջելեսի կլինիկաներից մեկում որպես հոգեբան: - Օրինակ՝ եթե տղա է համարդ հարցնողը, հեռանում ես` մտածելով. «Այդ տղային ես դուր եկա: Ուրեմն ուրիշների էլ դուր կգամ»:
Այդ միտքն իր հերթին օգնում է չվախենալ այլ քայլերի դիմելուց: Եթե որևէ մեկն ասում է, որ դու շքեղ տեսք ունես, քեզ մոտ ուրիշներին տեսնելու և քեզ ցուցադրելու ցանկությունն ավելի է մեծանում: Իսկ սա նշանակում է, որ եթե նախկինում կխուսափեիր խնջույքների գնալուց, հիմա գնալու հավանականությունն ավելի է մեծանում: Եվ եթե լավ ես քեզ զգում երեկույթի ժամանակ, համարձակություն կունենաս ծանոթանալու նոր մարդկանց հետ, նոր կապեր կհաստատես, ինչն էլ նոր հնարավորություններ կստեղծի:
«Երբ տեղի է ունենում երկրորդ և երրորդ դրական դիպվածը, դու ավելի մեծ ինքնավստահություն ես ձեռք բերում, պատրաստ ես լինում ավելի մեծ ռիսկի դիմելու և խնջույքին ներկայանում ես նույնիսկ սպասվածից էլ ավելի ինքնավստահ,- ասում է Աքսթելը: - Իսկ երբ ավելի մեծ ռիսկի ես դիմում, մեծանում է ավելին ձեռք բերելու հավանականությունը»: Եվ այսպես իրադարձությունները հաջորդում են իրար:
«Երբ ինքնավստահությունը գերակայում է, մեծանում է շրջապատում մարդկանց ավելի շատ դուր գալու հնարավորությունդ. բացի այդ, հավատով ես լցվում սեփական ուժերիդ նկատմամբ»,- ասում է Կարդինալը: Օրինակ՝ եթե կարողանաս ներկայանալ որպես ինքնավստահ անձնավորություն, տնօրենդ ավելի շատ կհավատա քո ուժերին` ավելի պատասխանատու գործեր հանձնարարելով: Նույնիսկ անծանոթները կարող են զգալ տարբերությունը։ «Ինքնավստահ մարդիկ տարբերվող կեցվածք ունեն: Նրանք կանգնում են ուղիղ, շատ են ժպտում և, որպես կանոն, ավելի պայծառ ու ավելի երջանիկ մարդու տպավորություն են թողնում»,- ասում է հոգեթերապևտ Բեվերլի Էնգելը:
Սկսիր հաղթարշավդ
Իհարկե, չես կարող մարդկանց ստիպել, որ քեզ անվճար սուրճ կամ ցնցուղ առաջարկեն: Փոխարենը՝ կան փոքրիկ մոտեցումներ, որոնց միջոցով կարող ես հասնել դրան: Մի բան պետք է հիշել միշտ. ոչ մի դեպքում մի կողմ քաշված չնստել և չսպասել, որ իրադարձություններն իրենց հունով զարգանան: Այն մարդիկ, ովքեր սպասում են, որ դեպքերն ինքնաբերաբար զարգանան, սովորաբար սեփական ուժերին չեն վստահում. սա հոգեբանների դիրքորոշումն է: Մինչդեռ նրանք, ովքեր միշտ նոր իրավիճակներ են փնտրում, ավելի ինքնավստահ են: Սկսիր քայլերդ` դիմելով փոքրիկ ռիսկերի:
«Երբ սկսում ես փոքր ռիսկից, հաջողության հասնելու ավելի շատ հնարավորություն ես ունենում,- ասում է Էնգելը: - Այսպիսով ստանում ես ինքնավստահության այն մղումը, որը քեզ առաջ կտանի»: Քո առաջին քայլը կարող է այնպիսի մի թեթև արարք լինել, ինչպիսին մյուս անկյունում նստած տղային ժպտալն է: Ժպտա ու սպասիր, որ նա էլ պատասխանի քեզ: Հավանականությունը մեծ է, որ նա կպատասխանի: Բնական ռեակցիա է. երբ մեկը ժպտում է քեզ, ենթագիտակցորեն պատասխանում ես նրան ժպիտով: Եվ, չնայած այն բանին, որ դու ես առաջինը ժպտացել, պատասխան ժպիտը շոյում է քո էգոն:
«Ամեն ինչ կախված է նրանից, թե ոնց ես ընկալում ինքդ քեզ, և ինչպես են մյուսներն ընկալում քեզ,- ասում է Էնգելը: - Եթե անելիքդ հստակ քայլերով ես կատարում` ցույց տալով, որ գիտես` ինչ ես անում, իսկապես կսկսես հավատալ ինքդ քեզ, և դա կանդրադառնա նաև շրջապատի մարդկանց վրա»:
Հենց որ մեկ անգամ ինքնավստահություն ձեռք բերեցիր, առաջ անցիր` առանց կանգ առնելու: «Ինքնավստահությունը կարելի է ամրապնդել՝ նոր զբաղմունք գտնելով»,- ասում է Կարդինալը: Եթե միշտ ցանկացել ես պարի դասերի կամ յոգայի պարապմունքների գնալ, հիմա իսկը ժամանակն է: Այն ինքնավստահությունը, որն արդեն իսկ թևածում է շուրջդ, քեզ առաջ սլանալու ազդակ կհաղորդի:
Հակադարձիր անբարենպաստ իրավիճակներին
Ահա և տեղ հասանք. ինքնավստահության մղումը կարող է նաև հակառակ հետևանքն ունենալ: Երբ որևէ հարցում ձախողվում ես, դա կարող է պատճառ դառնալ, որ կորցնես հավատը սեփական կարողություններիդ հանդեպ, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել հիասթափության:
«Բացասական ազդակները, ասենք՝ աշխատանքի վայրում նկատողություն ստանալը, բնականաբար, անդրադառնում են քո ինքնագնահատականի վրա և վատ տրամադրություն հաղորդում»,- ասում է Աքսթելը: Եվ հենց որ զենքերդ վայր ես դնում և հանձնվում վատ տրամադրությանն ու հուսահատությանը, մարդիկ սկսում են խուսափել քեզնից: Պայքարի ամենանպաստավոր տարբերակը մեկն է` վանել այդ բացասական տրամադրվածությունը որքան հնարավոր է արագ: «Շատ կարևոր է, որ չկենտրոնանաս տեղի ունեցած վատ դեպքերի վրա»,- խորհուրդ է տալիս Կարդինալը:
Եթե կարիք ունես սրտումդ եղածը դատարկելու, զանգիր ընկերուհուդ և խոսիր այդ մասին ու հետո փակիր թեման: Եթե շարունակես կենտրոնանալ դրա վրա, առաջ շարժվելը շատ դժվար կլինի: Սովորություն դարձրու ամեն դժվարություն հաղթահարել դրա ի հայտ գալուն պես:
Հեշտ է ասել, բայց ինչպե՞ս անել: Նախ՝ քեզ քո սիրելի բաներով կարող ես երես տալ: Դրանք կվանեն բացասական լիցքերը: Օրինակ՝ կարող ես եղունգներդ ներկել կամ շոկոլադե կարկանդակ ուտել: Գործնականում անհնար է վատ զգալ, երբ ինքդ քեզ երես ես տալիս: Նման փոքրիկ շքեղությունների շնորհիվ կարող ես կատարելապես հանդարտվել ու լցվել լավատեսությամբ:
Հետո շատ անսպասելի հանկարծ կնկատես, որ ամեն ինչ ընկել է իր տեղը:
Նյարդայի՞ն ես: Ուրեմն լսիր...
Անհանգստությունը հաճելի ուղեկից չէ, սակայն այն չի կարող խոչընդոտ հանդիսանալ քո ինքնավստահությանը: Փորձիր այլ կերպ նայել իրերին. ինքդ քեզ համոզիր, որ անհանգիստ խառնվածք ունենալն առավելություն է:
Եվ սա ամենևին էլ կատակ չէ. վերջերս կատարված ուսումնասիրության արդյունքները հենց դա են հաստատում: Ուսումնասիրության շրջանակներում հարցման էին ենթարկվել քննությունների պատրաստվող մի խումբ ուսանողներ: Նրանց նախապես ներշնչել էին, որ սթրեսը կարող է նպաստել թեստի ժամանակ իրենց ուժերն առավելագույնս դրսևորելուն: Եվ այդ ուսանողներն, իրոք, հավաքել էին առավել բարձր միավորներ:
Այն պահին, երբ սկսում ես նյարդայնանալ, մի պահ կանգ առ ու մտածիր. «Լավ, շատ լավ: Այն փաստը, որ ես հիմա նյարդային եմ, կօգնի ինձ առավելագույնս հավաքված ու կազմակերպված լինել»: «Ինքդ քո նկատմամբ ունեցած այս հավատը ինքնաբավարարող կանխակալ տրամադրություն է արթնացնում»,- ասում է Հարվարդի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ուենդի Մենդեսը:
Պարուրիր ինքդ քեզ դրական լիցքերով
Հետևյալ փոքրիկ ժեստերն այնպիսի դրական ազդեցություն կունենան, որ միանգամից կսկսես մտածել` ամեն ինչ կարող ես:
• Անկեղծ ժպտա (այն լայն ժպիտներից, որի ժամանակ բերանիդ ու աչքերիդ շուրջ ծալքեր են առաջանում): Այս հնարքը զինաթափում է և տրամադրություն բարձրացնում:
• Մի՛ խուսափիր ձեռքսեղմումից. այս կերպ կվերացնես սառը շփման հավանականությունը:
• Եթե նույնիսկ ձեռքիդ խմիչք չկա, քեզ պահիր այնպես, ասես «ըմպելու» դիրքում ես: Երբ ձեռքերդ կրծքավանդակի դիմաց են, համարձակ ու հաստատակամ մարդու կեցվածք ես ստանում:
• Զրուցելիս կանգնիր ոտքերդ ուսերիդ լայնությամբ բաց արած` դրանք ուղղելով դեպի զրուցակիցը: Այսպես և՛ ծանրակշիռ մարդու տպավորություն կթողնես, և՛ ցույց կտաս, որ բաց ես հաղորդակցման համար:
Լուսանկարը` ըստ HMI-ի











































































