Ոչ ոք ապահովագրված չէ սխալներից: Երբեմն հաջողվում է խուսափել բացասական հետևանքներից, մինչդեռ երբեմն էլ սխալները լուրջ խնդիրների են հանգեցնում: Մեր հերոսուհիները սխալ քայլեր են կատարել և ստիպված են եղել լուրջ փորձություններ հաղթահարել: Ինչևէ, նրանց պատմությունները հերթական անգամ ապացուցում են, որ ցանկացած դժվարություն կարելի է հաղթահարել և առաջ շարժվել:

«Մերկ» ամբիցիաներ

2006 թ. գարունը շատ դժվարին շրջան էր Բրուկլինի Իրավաբանական դպրոցի երկրորդ կուրսի ուսանողուհի Ադրիանա Դոմինգեսի համար. նա բաժանվել էր իր ընկերոջից։ Խարխլված անձնական կյանքին գումարվել էր ծայրաստիճան սուղ ֆինանսական վիճակը. անգամ չէր կարող վճարել ուսման վարձը և կանգնած էր հեռացման վտանգի առջև:
Հերթական անգամ թափուր աշխատատեղերի հայտարարություններն ուսումնասիրելիս Ադրիանան պատահաբար տեսավ «Մերկ երջանիկ աղջիկներ» շոուի հայտարարությունը: Այնտեղ նշվում էր, որ հաղորդման համար փնտրվում են երիտասարդ բարետես աղջիկներ, իսկ խոստացված հոնորարը կարող էր բարելավել Ադրիանայի ֆինանսական վիճակը:

«Բնականաբար, ինձ չէր ոգևորում էրոտիկ հաղորդաշարում նկարահանվելու փաստը, սակայն ֆինանսական խնդիրներս ընտրության հնարավորություն չէին թողնում»,- իր որոշումը բացատրում է Ադրիանան: Նա ուղարկում է իր լուսանկարներն ու անձնական տվյալները և անցնում ընտրական փուլը: «Խոսքը գնում էր միայն մերկ լուսանկարվելու մասին, և ես չէի էլ պատկերացնում, թե դա բացասաբար կանդրադառնա իմ կյանքի կամ կարիերայի վրա»,- խոստովանում է աղջիկը:

Շոուն ցուցադրվեց Playboy TV-ով 2007 թ. հունվարին: Այն մեծ ճանաչում չգտավ, ինչը Ադրիանային, իհարկե, չէր կարող չուրախացնել: Սակայն արդեն ապրիլին մերկ Ադրիանայի՝ շոուի կադրերից պատրաստված 45 վրկ տևողությամբ հոլովակը հայտնվեց նրա համակուրսեցիների, դասախոսների, մի շարք փաստաբանների ու իրավական ոլորտում մասնագիտացող ժուռնալիստների էլեկտրոնային փոստարկղերում:

Այդ հոլովակը պայթող ռումբի ազդեցություն ունեցավ Նյու Յորքի խստաբարո հասարակության շրջանում: Թերթերում տպվեցին մի շարք հոդվածներ այն մասին, թե ինչպես է սկսնակ իրավաբանը մերկանում Playboy-ի համար, հայտնի բլոգերներն անխնա քննադատեցին աղջկան իրենց բլոգներում: «Այդ հոլովակի մասին իմացա մեծ ուշացումով, երբ ընկերուհիս ասաց, որ New York Daily News ամսագրից զանգահարել էին իրեն և խնդրել մեկնաբանություն անել այդ թեմայի շուրջ,- պատմում է Ադրիանան։ - Շոկի մեջ էի ու զայրացած: Լրագրողներն ինձ հանգիստ չէին տալիս, բլոգերները մեղադրում էին սև PR-ի և այդ ճանապարհով իմ անձի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու ձգտումների մեջ, ինչն, անշուշտ, չէր համապատասխանում իրականությանը»: Մինչ օրս Ադրիանան չգիտի, թե ով էր պատրաստել և ուղարկել այդ հոլովակը:

Բարեբախտաբար, այդ միջադեպը բացասական ազդեցություն չունեցավ նրա ուսման վրա, և մայիս ամսին նա ավարտեց իրավաբանական դպրոցը: Սակայն այս պատմությունը բացառեց որևէ ընկերությունում իրավաբանի աշխատանք գտնելու ցանկացած հնարավորություն: Ավարտական քննություններից հետո Ադրիանան վերադարձավ հայրենի Կալիֆոռնիա և մեկ տարի աշխատեց մասնավոր գրասենյակում` որպես քարտուղար: Ամեն անգամ, երբ նա գնում էր որևէ կազմակերպություն հարցազրույցի, գործատուները վաղ թե ուշ պարզում էին այդ մութ պատմությունը և առանց դժվարության ինտերնետում գտնում հոլովակն ու բացասական հոդվածները: Աղջկան ուղղակիորեն ասում էին, որ այդ պատմության պատճառով նա դժվար թե կարողանա իրավաբանի աշխատանք գտնել:

«Ես ավարտել էի բարձր գնահատականներով, ունեի մեկ տարվա աշխատանքային փորձ, սակայն այդ չարաբաստիկ տեսահոլովակը ստվեր էր գցում իմ անձի վրա»,- պատմում է Դոմինգեսը: Վիճակն էլ ավելի էր վատթարանում ընտանիքի բացասական վերաբերմունքի ու հիասթափության պատճառով: Ադրիանան պարզապես չդիմացավ հոգեբանական այդ ճնշմանն ու երկու անգամ տապալեց իրավաբանի որակավորման քննությունը:

Նա, ի վերջո, հանձնեց քննությունը, սակայն այդպես էլ չկարողացավ աշխատանք գտնել որևէ կազմակերպությունում: Հենց այդ ժամանակ էլ որոշեց` բավական է հատուցել գործած սխալի համար. կոնկրետ քայլերի անցնելու ժամանակն է: «Վերջին մեկ տարին ես աշխատում էի անհատական իրավաբանական պրակտիկա վարող փաստաբանի ընկերությունում, և քանի որ նա մեծ բարձունքների էր հասել, ես որոշեցի հետևել նրա օրինակին ու մտածել սեփական պրակտիկա սկսելու մասին: Դա իմ կյանքի ամենաճիշտ որոշումներից մեկն էր: Ես սկսեցի իմ սեփական գործը. զբաղվում եմ ընտանեկան հարցերով և վերցնում միայն այն գործերը, որոնք ինձ հետաքրքրում են կամ գրավում: «Ես խուսափում եմ մեծ ծանրաբեռնվածությունից և դրա շնորհիվ կարողանում եմ պահպանել կյանքի ու աշխատանքի միջև անհրաժեշտ հավասարակշռությունը»,- ասում է Ադրիանան: Այժմ նրա կարիերան վերելք է ապրում: Ադրիանային հաջողվել է նաև վերականգնել հարաբերություններն ընտանիքի անդամների հետ և ստանալ նրանց աջակցությունը:

«Այդ շոուին մասնակցելու որոշումն, անշուշտ, ճակատագրական սխալ էր, սակայն կարող եմ ասել, որ սա նաև կարևոր փորձառություն էր, որն օգնեց ինձ դառնալ ավելի անվախ,- նշում է Ադրիանան,- և, որքան էլ տարօրինակ կարող է հնչել, ի վերջո դրական անդրադարձավ ինձ վրա: Այժմ ես գիտեմ, որ եթե տղամարդը չի կարող հասկանալ իմ գործած սխալն ու ընդունել ինձ այնպիսին, ինչպիսին որ կամ, ուրեմն դա այն մարդը չէ, որին ես փնտրում եմ: Երբ ես պատմեցի այս ամենի մասին իմ այժմյան ընկերոջը, նա ինձ հասկացավ, ավելին, այդ պատմությունն ամրապնդեց մեր կապը»:

Ի դեպ։ Սխալ թույլ տալուց հետո ուղեղն անմիջապես ազդանշան է ուղարկում քեզ այն մասին, որ ինչ-որ բան այն չէ, շատ ավելի վաղ, քան դու ինքդ պատրաստ ես հասկանալ քո սխալը:

«Ոչ սթափ» որոշում

Երկու տարի առաջ` ամառային մի առավոտ, Բրենդի Թոմասը որոշեց գնալ մարզասրահ: Նրա սիրած տղան ընկերոջ հետ միասին շարժվում էր իր մեքենայով` Բրենդիի մեքենայի հետևից: Աղջիկն իրեն սթափ ու առույգ էր զգում, թեև նախորդ օրը մինչև լուսադեմ ուրախ ժամանակ էր անցկացրել ընկերների հետ և բավական մեծ քանակությամբ ալկոհոլ էր օգտագործել:

«Այդ երեկո ես ու ընկերս վիճեցինք, ուստի ես սովորականից ավելի շատ խմեցի,- պատմում է Բրենդին,- երեկոյի ավարտին ես արդեն դատարկել էի մեկուկես շիշ գինի»:

Վարելու ընթացքում Բրենդին կռացավ` պայուսակից ջրի շիշը հանելու համար և, մի վայրկյանում կորցնելով վերահսկողությունը, շեղվեց իր շարքից ու հայտնվեց հեծանվային գծի վրա: «Այդ ամենն այնքան արագ տեղի ունեցավ. ես անմիջապես դուրս եկա ճանապարհից և կանգ առա: Փոշու ամպը փակել էր տեսադաշտս, սակայն արդեն հասկանում էի, որ ինչ-որ սարսափելի բան է պատահել»: Պարզվեց, որ Բրենդին հարվածել էր հեծանվային գծով ընթացող երկու կանանց: «Երբ գիտակցեցի, որ մարդկանց եմ հարվածել, սկսեցի լաց լինել ու ոչ մի կերպ չէի կարողանում հանդարտվել. անդադար կրկնում էի , որ սա չի կարող իրականություն լինել»,- պատմում է Բրենդին:
Նրա ընկերը նույնպես կանգ առավ, դուրս եկավ մեքենայից և գնաց հեծանվորդ կանանց վիճակը պարզելու: Նրանցից մեկը նստած էր գետնին, մյուսը պառկած էր անգիտակից վիճակում: Մինչ Բրենդին մայթին նստած լալիս էր, ընկերը շտապօգնություն կանչեց: Բժիշկները կանանց տեղափոխեցին հիվանդանոց, իսկ ժամանած ոստիկանները փորձեցին պարզել իրողությունը: Երբ Բրենդին սկսեց բացատրություն տալ, նրանք անմիջապես զգացին ալկոհոլի հոտը: Իսկ ալկոհոլի թեստը ցույց տվեց, որ օրգանիզմում թույլատրելիից ավելի ալկոհոլ կա: «Ես նույնիսկ չէի պատկերացնում, որ իմ օրգանիզմում դեռևս ալկոհոլ կա,- ասում է Բրենդին,- այլապես ղեկին չէի նստի: Երբ ոստիկանն անցկացրեց ձեռնաշղթան, ես ապշահար վիճակում էի»:

Հիվանդանոց տեղափոխված կանանցից մեկը ստացել էր գլխի լուրջ վնասվածք, իսկ մյուսը` մի շարք կոտրվածքներ: Բրենդիին տեղափոխեցին ոստիկանության տեղական բաժանմունք, որտեղից նրան ծնողները երեկոյան դուրս բերեցին: «Դուրս գալուց հետո մտածում էի ոչ թե իմ, այլ այն կանանց մասին, որոնք դարձել էին իմ անպատասխանատու քայլի զոհը: Ես իսկապես տառապում էի իմ սխալից և մտովի աղոթում էի նրանց համար»,- նշում է Բրենդին:

Բրենդիին սպառնում էր մոտ յոթ տարվա ազատազրկում: Հաջորդ մի քանի ամսվա ընթացքում՝ մինչև դատական գործի սկիզբը, նա հանդիպում էր փաստաբանների հետ, աշխատում ավարտին հասցնել համալսարանական գործերը և, աստիճանաբար փորձում ընդունել իր արարքի հետևանքները: «Ես շատ էի ուզում հանդիպել այդ կանանց և ներողություն խնդրել իմ արարքի համար, սակայն փաստաբանս հետ պահեց ինձ այդ քայլից` պարզաբանելով, որ դա կարող էր սխալ ընկալվել»:

Մի քանի ամիս անց Բրենդին իրեն մեղավոր ճանաչեց ոչ սթափ վիճակում մեքենայի ղեկին նստելու համար: Նրա փաստաբանին հաջողվեց յոթ տարվա ժամկետը փոխարինել տեղական բանտում մեկ տարվա ազատազրկմամբ: Դատարանի դահլիճում Բրենդին վերջապես հանդիպեց իր զոհերին: Նրանցից մեկը գրեթե լիովին ապաքինվել էր, իսկ մյուսը դեռ տառապում էր հիշողության կարճաժամկետ կորստից: «Շատ դժվար էր տեսնել այդ կանանց և լսել, թե ինչպես էր նրանց կյանքը տակնուվրա եղել իմ պատճառով»: Բացի ազատազրկվելուց, Բրենդին զրկվեց նաև վարորդական իրավունքից և պարտավորվեց տուժածներին ամենամսյա ֆինանսական վճարումներ կատարել:

Բրենդիի ու ընկերոջ հարաբերությունները չանցան մեկ տարվա ազատազրկման փորձությունը: Այդ ամիսները նրան սեփական կյանքի շուրջ խորհելու հնարավորություն տվեցին: «Այժմ ես շատ ավելի դրական եմ տրամադրված կյանքի հանդեպ, քան մինչև վթարը,- ասում է Բրենդին,- ես գիտակցում եմ, որ կյանքը կարող է մի ակնթարթում ավարտվել, ուստի օգտվում եմ ինձ ընձեռված հնարավորություններից և երախտապարտ եմ ամեն ինչի համար»: Թոմասը գտնվում է 5 տարի տևողությամբ փորձաշրջանի մեջ և շուտով կհանձնի վարորդական իրավունքի վերականգման վերջին քննությունը: Բացի այդ, նա տեղափոխվել է հայրենի Ֆլորիդա և շուտով կսկսի կոսմետոլոգիայի դասընթացների հաճախել: «Երբ ես պատմում եմ նոր ընկերներիս իմ կյանքում տեղի ունեցած պատահարի մասին, նրանք մեծ զարմանք են ապրում, սակայն ինձ վերաբերվում են ըմբռնումով ու կարեկցանքով,- պատմում է Բրենդին,- հենց այդ վերաբերմունքն էլ օգնում է ինձ ամեն ինչ սկսել նորից: Ինչ վերաբերում է հեծանվորդ կանանց, ես ամեն օր մտածում եմ նրանց մասին և անչափ շնորհակալ ու երջանիկ եմ, որ նրանք ապաքինվեցին ու վերադարձան իրենց բնականոն կյանքին»:

«Ես գիտակցում եմ, որ կյանքը կարող է մի ակնթարթում ավարտվել, ուստի օգտվում եմ ինձ ընձեռված հնարավորություններից և երախտապարտ եմ ամեն ինչի համար»:

Ցանցային «սարսափ»

Մանկավարժական համալսարանն ավարտելուց որոշ ժամանակ անց Սթեյսի Սնայդերը կատարեց երիտասարդներին բնորոշ երկու քայլ, որոնք հետագայում շատ բացասաբար անդրադարձան նրա կյանքի վրա: Նախ՝ նա սոցիալական կայքերից մեկի իր էջում տեղադրեց լուսանկար, որտեղ պատկերված էր կոկտեյլը ձեռքին` ծովահենային թեմատիկայով մի երեկույթի ժամանակ, և նկարն ամբողջացրեց «Հարբած ծովահենը» մեկնաբանությամբ: Եվ վերջապես, նա իր էջում գրեց այն դպրոցի մասին, որտեղ պարտավորված էր դասավանդել ավարտական պրակտիկայի շրջանակներում` նշելով, որ չի ցանկացնում հետագայում աշխատել այնտեղ, քանի որ դրա համար կան մի շարք պատճառներ:
Սնայդերը, որն այժմ արդեն 30 տարեկան է, այդ պահին պատկերացնել անգամ չէր կարող իր արարքի հետևանքները: Ինչևէ, նրա հետ նույն դպրոցում աշխատող ավագ ուսուցիչներից մեկը տեսավ այդ լուսանկարը, կարդաց Սթեյսիի գրածը և անմիջապես տեղեկացրեց այդ մասին տնօրենին: Իսկ վերջինս էլ կապվեց Փենսիլվանիայի համալսարանի հետ, որտեղ ուսանել էր Սթեյսին:

Արդյունքում՝ համալսարանի ղեկավարությունը զրկեց Սթեյսիին գիտական աստիճանից: Թեև նա արդեն հանձնել էր բոլոր քննությունները և համարյա ավարտել պրակտիկան, նա չէր կարող զբաղվել ուսուցչական գործունեությամբ: Համալսարանի ղեկավարությունը գտավ, որ նման վարքը պատշաճ չէ ապագա ուսուցչին: «Նրանք ասացին, որ կոկտեյլով լուսանկարը խթանում է վաղ տարիքում ալկոհոլի օգտագործումը, թեև այդ պահին ես 22 տարեկան էի,- պատմում է Սթեյսին,- իսկ դպրոցի մասին գրված մեկնաբանությունը հակասում էր էթիկայի նորմերին»:
Որոշ ժամանակ անց համալսարանի ղեկավարությունը փոքր-ինչ մեղմեց իր զայրույթը, և Սթեյսին ստացավ անգլերեն լեզվի և գրականության բակալավրի աստիճան: Սակայն նա, միևնույն է, զրկված էր դասավանդելու իրավունքից:

«Այո՛, ես սխալ էի գործել,- խոստովանում է Սթեյսին,- նման հայտարարությունները հակասում են դասավանդման էթիկային: Սակայն ես համարում էի անարդարացի այդ սխալի պատճառով ուսուցչական աստիճանից զրկվելը` չորս տարի տքնաջան սովորելուց ու հազարավոր դոլարներ ծախսելուց հետո»:

Դասավանդման իրավունքը կորցնելուց հետո Սթեյսին 2007 թ. դիմեց դատարան` հայց ներկայացնելով Փենսիլվանիայի համալսարանի դեմ, սակայն ապարդյուն. ոչ մի արդյունքի հասնել չկարողացավ:
Դատը տանուլ տալուց հետո Սթեյսին համալսարանից առաջարկ ստացավ անցնել ևս մեկ պրակտիկա` մեկ այլ դպրոցում, որն ավարտելուց հետո նա հնարավորություն կունենար վերականգնել իր ուսուցչական աստիճանը: Սակայն դատական քաշքշուքից հետո ոչ մի դպրոց ցանկություն չհայտնեց ընդունել Սթեյսիին:

Դասավանդելու երազանքներից զրկվելուց բացի, Սթեյսին կորցրեց իր ուժերի հանդեպ վստահությունը: «Ես որոշեցի, որ ձախողակ եմ, քանի որ չկարողացա իրականացնել իմ ծրագրերը. այն, ինչին ձգտել էի տարիներ շարունակ» ,- պատմում է աղջիկը: Բարեբախտաբար, նա ի վերջո գիտակցեց, որ այդ փորձությունը հաղթահարելու և առաջ գնալու համար պետք է փոխել վերաբերմունքը կյանքի հանդեպ և հավատալ սեփական ուժերին` կենտրոնանալով մեկ այլ նպատակի վրա: Նա որոշեց գտնել այլ ասպարեզ, որտեղ կարող էր լիարժեք դրսևորել իրեն և նույնքան հաճույք ստանալ, որքան դասավանդելուց: 2008 թ. նա ընտրեց նոր մասնագիտություն` բիզնես կառավարում անվտանգության ընկերությունների համար: «Իմ պաշտոնը ներառում է այլ աշխատակիցների համար թրեյնինգների կազմակերպումը, և դա ինձ մեծ բավականություն է պարգևում»,- նշում է Սթեյսին: Նա գիտակցել է իր սխալները և արել անհրաժեշտ հետևություններ. «Ես հասկացա, որ անձնական կյանքը պետք է պահել հասարակությունից հեռու, լինի դա օնլայն շփում, թե` անհատական զրույց»:

«Ես որոշեցի, որ ձախողակ եմ, քանի որ չկարողացա իրականացնել իմ ծրագրերը. այն, ինչին ձգտել էի տարիներ շարունակ»

Ինչպես հաղթահարել սխալները

Պատասխանատվություն կրիր

Սեփական սխալներն ընդունելը խիստ կարևոր է. չէ՞ որ եթե նման վիճակում հայտնվելու մեղավորը դու ես, ուրեմն հենց դու էլ կարող ես քեզ այդ վիճակից դուրս հանել:

Արտահայտիր հույզերդ

Չարժե՛ զսպել հույզերը. կիսվիր մտերիմ ընկերոջդ հետ կամ այցելիր հոգեբանի: Իսկ անհատական զրույցներից զատ, կարող ես արտահայտել մտքերդ օրագրում, ինչը կօգնի ազատվել ավելորդ ճնշվածությունից:

Փորձիր մեղմել հետևանքները

Դու չես կարող հետ տալ ժամանակը, սակայն եթե ներողություն խնդրես քո արարքի համար, մեծ թեթևություն կապրես: Փորձիր նաև ինչ-որ ձև գտնել քո գործած սխալի դիմաց թեկուզ փոքր-ինչ հատուցելու համար. դա ևս իրավիճակը մեղմացնելու արդյունավետ տարբերակ է:

Խուսափիր անտեղի քննարկումներից

Երբ կրքերը հանդարտվեն, աշխատիր չքննարկել պատահածը ծանոթների հետ: Եթե դու չհիշեցնես մարդկանց կատարվածի մասին, նրանք ևս այդ դեպքին մեծ կարևորություն չեն տա:

Պլանավորիր ապագադ

Փորձիր սկսել նորից և քո առջև դիր նոր նպատակներ: Դա կօգնի քեզ մութ անցյալով մարդուց վերածվել խոստումնալից ապագայով աղջկա:

Լուսանկարը ըստ HMI-ի