Ես նրան հանդիպեցի, երբ խոր սթրես էի ապրում: Բաժանվել էի ընկերոջիցս, գրեթե միաժամանակ կորցրել էի աշխատանքս: Նա կարծես մի փոքրիկ լուսավոր պատուհան էր, որ վերջապես հայտնվել էր իմ կյանքում: Նա օգնեց ինձ վերագնահատել իմ կյանքն ու վերաբերմունքը բազմաթիվ հարցերի նկատմամբ:

Ժամանակն անցնում էր, ու ես երջանիկ էի նրա կողքին. ունեի թանկ ու հարազատ մարդ, զբաղվում էի իմ սիրած աշխատանքով: Մենք արդեն չորրորդ տարին էր, ինչ միասին էինք: Մեր ընկերները, հետաքրքրություններն ու աշխարհընկալումը գրեթե նույնն էին: Հանդիպում էինք աշխատանքային օրվա ավարտին ու միասին էինք լինում մինչև ուշ երեկո: Պատրաստվում էինք շուտով միասին ապրել:

Դեռ վերջերս ես այդպես էի զգում և ուզում, իսկ հիմա ես նրա կողքին ինձ ճնշված եմ զգում: Պատճառ չունեմ, պարզապես այլևս չկա այն կրակն ու խենթ սերը.... Նա մի տեսակ սովորական է դարձել ինձ համար: Հարաբերությունները միապաղաղ են ու միօրինակ: Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում ինձ հետ: Այս վիճակից ես ինքնուրույն չեմ կարող դուրս գալ. ինձ օգնություն է պետք, ոչ թե ընկերների կարեկցական ու մեղադրական խոսքերը, այլ լուրջ խորհուրդ, քանի որ ես պատրաստվում եմ կյանքս կապել մի մարդու հետ, ում, հնարավոր է, որ չեմ սիրում և ընդամենը սովորել եմ նրա ներկայությանն իմ կյանքում:

Շատ էի հուզվում: Առաջին անգամ պիտի հանդիպեի հոգեբանի հետ: Հանդիպումն ինձ հիասթափեցրեց: Նրա խոսքերն ինձ չէին համոզում, ու ես սպասում էի, թե երբ պիտի անցնի ինձ հատկացված ժամը, որ դուրս գամ նրա սենյակից: Նա ասաց, որ ինձ մոտ լճացում է: Ասաց, որ այդպես հաճախ լինում է, երբ զույգը շատ է մտերմանում, դառնում է նույն մարդը: Նույնն են ընկերները, հետաքրքրությունները ու ժամանակի ընթացքում նաև՝ մտքերը: Ես նրա հետ համաձայն չէի:

Հերթական ուրբաթն էր: Հանդիպելու էինք մեր սիրած փաբում, որտեղ աշխատանքային շաբաթվա վերջին միշտ հավաքվում էինք ընդհանուր ընկերների հետ: Տեղ հասա: Բոլորն այնտեղ էին: Չկար միայն նա: Դուրս եկա, որ զանգեմ նրան. ներսում աղմուկ էր: Հանկարծ քարացա. իմ ուղղությամբ գալիս էր նախկին ընկերս: Ես նրան վաղուց արդեն մոռացել էի, բայց բավական էր տեսնել նրա քայլվածքը, լսել ձայնը և... Աչքերիս առաջ ամեն ինչ մթնեց:

Անցյալի ստվերը մոտենում էր ինձ: Մենք բավական վատ էինք բաժանվել: Եվ վերջին չորս տարվա ընթացքում չէինք շփվել ոչ մի վայրկյան: Նա ինձ մոտեցավ` լայն ժպիտը դեմքին: Ես թույլ ժպտացի նրան... Գլուխս պտտվում էր: Կանգնեց դիմացս ու ինձ գրկելու թույլտվություն խնդրեց: Ես համաձայնեցի. վերջիվերջո հին ծանոթներ ենք: Մի քանի բառ փոխանակեցինք:

Հեռախոսով խոսեցի սիրելիիս հետ ու արդեն ներս էի մտնում: Գլուխս թեքեցի դեպի նախկին ընկերս: Նա հենված էր ծառին՝ փաբի դիմացի մայթին: Լայն ժպտաց ու ձեռքով հասկացրեց, որ կզանգի ինձ:

Այդ երեկո սովորականից շատ գարեջուր խմեցի: Մի քանի անգամ տարվեցի սեղանի ֆուտբոլով, և արդեն ժամանակն էր տուն գնալու: Սիրելիս ինձ ճանապարհեց տուն: Բանալիներն ու պայուսակս նետեցի գետնին, իսկ հոգնած մարմինս` մահճակալին: Նորից հեռախոսս: Առանց աչքերս բացելու պատասխանեցի զանգին, քանի որ գիտեի, թե ով պետք է լիներ: Բայց հնչած ձայնն ինձ միանգամից սթափեցրեց:

-Լավ հասա՞ր տուն: Շատ ես փոխվել:

Նախկին ընկերոջս հետ զրուցեցինք ողջ գիշեր: Նա պատմում էր իր մասին: Շարունակել էր ուսումն արտասահմանում և բավական լուրջ հաջողությունների էր հասել. պահանջված լրագրող էր, շրջում էր աշխարհով, հանդիպում ճանաչված մարդկանց:

Այս անսպասելի հանդիպումն իմ մեջ նոր, անհասկանալի զգացմունքներ արթնացրեց, և ողջ հոգիս տակնուվրա եղավ: Փորձեցի ևս մեկ անգամ հոգեբանի հետ խոսել, քանի որ խճճվել էի ու ելք չէի գտնում:

Այդ հանդիպումն ավելի զայրացրեց ինձ. նա ինձ բոլորովին չի ճանաչում և դեռ մեղադրում է եսասիրության մեջ: Ես երբեք եսասեր չեմ եղել, և նրա հետ համաձայն էի միայն մեկ առումով. ինձ անարդար էր թվում, որ արդեն չորրորդ տարին է՝ իմ ընկերը նույն աշխատանքն է անում՝ առանց աշխատավարձի կամ պաշտոնի բարձրացման: Բայց իմ վերաբերմունքն այդ հարցին այնքան հասկանալի է... Ես ուզում եմ ունենալ ապահով ապագա և ինչո՞ւ պետք է զրկանքներ կրեմ:

Որոշումն ընդունված է: Հանդիպում եմ նախկին ընկերոջս հետ: Մենք երկար խոսում ենք: Նա ասում է, որ չի կարողանում ինձ մոռանալ: Ասում է, որ փոխվել է և երազում է ամեն ինչ սկսել նորից: Հեռախոսս զանգում է, ես դուրս եմ գալիս: Խոսելուց հետո վերադառնում եմ սրճարան: Դռան մոտ կանգնած՝ լսում եմ նախկին ընկերոջս հեռախոսային զրույցը.
-Ես էլ քեզ, բայց հիմա չեմ կարող... Գործնական հանդիպման եմ... Ամեն ինչ կտայի, որ քո կողքին լինեի, ոչ թե այս անհետաքրքիր ու պարտադիր հանդիպմանը.... Ես էլ քեզ...

Ես միանգամից սթափվեցի ու հասկացա, թե ինչ հիմարություն եմ անում: Հոգեբանն ինձ օգնեց մտովի 4 տարի հետ գնալ ու հիշել, թե ինչպես էր սկսվում ամեն ինչ, բաժանումը նախկին ընկերոջիցս և հանդիպումն այն լուսավոր մարդու հետ, ում առանց պատճառի ուզում էի թողնել:

Նախկին ընկերոջս հետ հանդիպումն օգնեց ինձ գնահատել իրական սերը, վստահությունն ու հավատարմությունը, որոնք ես կարող էի փոխել խաբկանքի հետ: Այո՛, հիմա հասկանում եմ, որ հոգեբանն ինձ ճշմարտությունն էր ասում, իսկ ես նախընտրում էի չտեսնել այն: Հոգուս խորքում ես ուզում էի աշխարհով պտտվել նրա հետ, հայտնի մարդու կողքին լինել, պարզապես վայելել լավ կյանքը, սկուտեղի վրա դրած ստանալ այն... Բայց ես ունեմ սիրելի մարդ, ում օժանդակությամբ կարող եմ հասնել ամեն ինչի... Ու կհասնենք մենք այդ ամենին միասին: Հիմա ես զբաղվում եմ լողով: Անում եմ այն, ինչի մասին վաղուց երազել եմ. այցելում եմ մանկատուն և օգնում երեխաներին պատրաստել դասերը:

Առաջվա պես ամեն ուրբաթ հավաքվում ենք մեր սիրած փաբում ու ես այնտեղ գնում եմ իմ նոր ընկերուհիների հետ: Հոգեբանի խորհրդով ես ինձ նայում եմ կողքից, ուրիշի հայացքով: Հավատա` շատ բաներ կան փոխելու, ու ես սկսել եմ անել դա:

Հոգեբանների կարծիքով՝ մարդն իր կյանքի ցանկացած էվոլյուցիայից առաջ կարող է ճգնաժամ ապրել: Կյանքի նոր փուլ մտնելիս մարդու մեջ ձևավորվում է նոր որակ: Իմ մեջ կարող էր ձևավորվել այնպիսի որակ, ավելի ճիշտ՝ անորակություն, որը, հնարավոր է, շտկել չլիներ: Ես երջանիկ եմ, որ ժամանակին սթափվեցի ու չկորցրեցի իմ կյանքի ամենամեծ ու իսկական սերը:

Ճգնաժամերը տարբեր կերպ կարող են արտահայտվել, ու եթե այն թակել է քո դուռը, փորձիր ելք գտնել: Սկզբում հասկացիր, թե ինչ է քեզ համար սերը, ու ինչ նշանակություն ունի քեզ համար կողքիդ մարդը: Եթե դու իսկապես սիրում ես քո տղամարդուն, աշխատիր պահել նրան: Եթե նույնիսկ դու վստահ ես, որ բարդ հարաբերությունների մեղավորը նա է, փորձիր որոշ ժամանակ ապրել նրա կանոններով: Եթե դուք այնքան եք նմանվել, որ դա քեզ խեղդում է, ինչ-որ հոբբի գտիր, մի փոքր փոխիր քո հետաքրքրությունների դաշտը: Փորձիր բացահայտել նրան, խոսիր նրա հետ, այլ ոչ թե սահմանափակվիր միայն գրկախառնություններով ու համբույրներով: Միասին կարելի է հաղթահարել ամեն տեսակի դժվարություն և ճգնաժամ: Ապրիր նրա հետ, ոչ թե պարզապես եղիր նրա կողքին:

Լուսանկարները` ըստ HMI-ի