Քո մարմինը ռիթմ ունի, ու պարզվում է` քո հաջողությունը մեծապես կախված է այդ ռիթմից. լինի դա կարևոր հարցազրույց, թե նոր երիտասարդի հետ հանդիպում, քո պլանները մարմնիդ ժամացույցին համաձայնեցնելով՝ միմիայն կշահես:

Դու երևի տեղյակ ես, որ քո մարմինն անցնում է ամսական ցիկլ, որը խթանում կամ արգելակում է քո սեռական ցանկությունը, քո բնավորության բացասական կողմերը, ինչպես նաև, իհարկե, հղիանալու քո շանսերը: Սակայն դու հավանաբար չես մտածել, որ այդ համակարգը, որպես կանոն, գործում է 24-ժամ՝ անտեսանելի ժամացույցի մեխանիզմով:

Քնի փորձագետ, Beauty Sleep գրքի հեղինակ Մայքլ Բրյուսը բացատրում է, որ օրվա ընթացքում տարբեր ժամերի թեթև քիմիական և հորմոնային փոփոխությունը կարող է փոփոխություններ առաջացնել քո էներգետիկ մակարդակում, ազդել տրամադրության և զգոնության վրա: Այս փոփոխությունները մեծապես ազդում են այս կամ այն իրավիճակում քո պահվածքի վրա՝ նպաստելով կա՛մ քո հաղթանակին, կա՛մ ջախջախիչ պարտությանը: Խնդիրն այն է, որ կարողանաս կազմակերպել առօրյադ քո ներքին ժամացույցի հետ համահունչ՝ շահավետ դիրքում հայտնվելու համար: Վերանայիր ժամանակացույցդ հենց հիմա և սկսիր վայելել դրա արդյունքները:

Առավոտյան ժամը 7. Արագ սեքս

«Նույն տեստոստերոն հորմոնի բնական վերելքը, որի արդյունքում քո տղամարդն ամեն առավոտ իր կամքից անկախ էրեկցիա է ունենում, առկա է նաև քո մարմնում»,- ասում է The Power of Rest գրքի հեղինակ Մեթյու Էդլունդը: Մոռացիր, որ քնատ ես, գզգզված տեսք ունես և փորձիր օգուտ քաղել այդ պահից: Հինգ րոպե անց դու ուրախ կլինես, որ գնացել ես այդ քայլին:

Առավոտյան ժամը 10-11. Հարցազրույց

«Այս ժամերին քո մարմնի ջերմաստիճանը բարձրանում է՝ խթանելով ուղեղի ակտիվությունը: Այդպիսով՝ դու ավելի սուր միտք ես ունենում այդ ժամերին և ավելի պատրաստ ես լինում դիմակայելու սթրեսային իրավիճակներին»,- ասում է բժիշկ Էդլունդը: Դու նաև ավելի լավ տեսք ունես, քան մի քանի ժամ առաջ (ինչը կարող է նպաստել ինքնագնահատականի բարձրացմանը), քանի որ գիշերվա ընթացքում մարմնում կուտակված ջրային մասը հեռացել է, և դեմքն այլևս այտուցված չէ, ինչպես վաղ առավոտյան էր: Ինչ վերաբերում է հարցազրույց անցկացնողին, նա նույնպես լավ է տրամադրված, քանի որ մարդիկ ավելի լավ տրամադրություն են ունենում նախաճաշից հետո և նախքան լանչը, այնպես որ՝ «բռնացրու» նրան այն ժամանակ, երբ դեռ լավ աշխատող գտնելը նրան ավելի է հետաքրքրում, քան մի կտոր բան ծամելը:

Կեսօրից մինչև ժամը 3. Մերսում

«Քո մաշկն ավելի հանգիստ և ընկալունակ է հպման նկատմամբ այս ժամերին, քանի որ մարմինն ավելի քիչ հիստամին (բնական նյութ, որը նպաստում է մաշկի քորին և գրգռվածությանը) է արտադրում»,- ասում է բժիշկ Էդլունդը: Այդպիսով՝ քո մկանները կհալվեն մերսողի վարժ ձեռքերի տակ, և կարմրություն ու գրգռվածություն չի առաջանա:

Ժամը 1- 3. Քուն

«Կեսօրի ճաշը չէ, որ քեզ քնկոտ է դարձնում օրվա երկրորդ կեսին. պատճառը մարմնի ջերմաստիճանն է, որը մի կես աստիճանով անկում է ապրում և «ազատ է արձակում» քո ուղեղը, որն էլ, «առիթից օգտվելով», արտադրում է մելատոնին քնի հորմոնը»,- բացատրում է Բրյուսը: Սակայն աշխատիր քնել 25 րոպեից ոչ ավել, այլապես կանցնես խոր քնի փուլ և չես կարողանա արթնանալ:

Ժամը 3-5. Էպիլյացիա

«Ցավի զգացողության հանդեպ դիմադրողականությունն ամենաբարձրն է այս ժամին»,- ասում է բժիշկ Էդլունդը, այսինքն՝ իդեալական ժամ է ցավոտ պրոցեդուրաների՝ էպիլյացիայի և պեդիկյուրի համար:

Ժամը 5-6. Բոուլինգ

Ամբողջ օրը քո մկանները ջանք են թափել տաքանալու համար, բացի այդ, դու ավելի զգոն ես, այսինքն` մարմինդ իդեալական վիճակում է ֆիզիկական վարժության համար, հատկապես եթե այն պահանջում է ձեռքի և աչքի կոորդինացիա:

Ժամը 6-8. «Վատ լուրերի» ժամ

Եթե ընկերուհուդ պետք է հայտնես, որ նրա հարսանիքին չես մասնակցելու կամ ցանկանում ես ազատվել որևէ երիտասարդից, նման լուրեր հայտնելու համար ընտրիր վաղ երեկոն: Դիմացինը, ինչպես և դու, այդ ժամերին ավելի պատրաստ է վատ լուրեր ընկալելու և դրանք ոչ այնքան ծանր տանելու:

Ժամը 5-7. Ժամադրություն

«Աշխատանքից հետո՝ նախքան ընթրիքը, ժամադրության գնալու ամենալավ ժամանակահատվածն է: Դու լի ես լավատեսությամբ և էներգիայով,- ասում է բժիշկ Էդլունդը,- և առավել քան երբևէ` պատրաստ սիրային հանդիպման»:

Ժամը 8-9. Ստեղծագործելու ժամ

Ստեղծագործելու քո կարողությունը բարձր մակարդակի վրա է այս ժամերին, ուստի կարող ես սկսել գրել վաղուց պլանավորած սցենարը կամ հագուստի հիանալի համադրություններ ստեղծել: Բացի այդ, դու այդ ժամերին՝ նախքան քնելը, շատ զգոն և ուշադիր ես: Օգտագործիր այդ հնարավորությունն՝ ավարտին հասցնելու այն գործերը, որոնք կենտրոնացում են պահանջում:

Ժամը 11-ից մինչև կեսգիշեր. Հանգիստ

Հաշվի առնելով, որ դու, թերևս, սովորական ընթրիքի ժամին ես ընթրում, այսինքն՝ ժամը 7-8-ի միջակայքում, կեսգիշերն ամենաճիշտ ժամն է՝ անկողին մտնելու համար, քանի որ օրգանիզմն ունենում է չորս ժամ՝ կերակուրը մարսելու համար: «Սա է մարսողության համար իդեալական ժամանակահատվածը և այս դեպքում այն չի խանգարում քնին»,- ասում է Բրյուսը:

Եթե խմում ես հղիությունը կանխարգելող հաբեր, խմիր ամեն օր նույն ժամին: Այդպիսով՝ դրանց ազդեցությունն ավելի կմեծանա:

Լուսանկարները ըստ Shutterstock-ի