Հասարակական տրանսպորտում ծանոթ երիտասարդը կամ գործընկերդ վճարում է քո փոխարեն: Եվ դա սովորաբար պարբերական բնույթ է կրում: Իսկ երբևէ մտածե՞լ ես, որ այդպես կարող ես գումար խնայել: Յուրաքանչյուր անգամ, երբ քո փոխարեն մեկ ուրիշն է վճարում ճանապարհածախսը, այդ գումարը գցիր մի հարմար տուփի մեջ: Կտեսնես, թե տարվա ընթացքում որքան գումար կկուտակես և կկարողանաս գնել քո երազած ականջօղերը:
Ըստ Մարգարիտա Եսոյանի
Տոն սեփական ձեռքերով
Մարտի 8-ի կապակցությամբ կազմակերպել ես փոքրիկ խնջույք, բայց բոլոր ընկերուհիներիդ համար նվերներ գնելը շատ ծախսատար կլինի: Ծախսերը կրճատելու համար գնիր դաշտային ծաղիկների մեծ փունջ և գունավոր ժապավեն: Հյուսիր ժապավենը ծաղիկների հետ և ամրացրու սիլիկոնե սոսնձով: Հետո ծայրերը կապիր իրար, որպեսզի արդյունքում ապարանջան ստացվի. չէ՞ որ ի վերջո ծաղիկները կանանց ամենասիրելի նվերն են:
Նոր շունչ քո բնակարանում
Վերջապես գարուն է, և ցանկություն ունես, որ այդ ջերմությունը զգացվի նաև քո բնակարանում: Բնակարանը վերանորոգելու կամ նոր կահույք գնելու կարիք չկա: Գնիր գունավոր ծածկոցներ, ծածկիր դրանցով բազկաթոռներն ու բազմոցը: Այնպիսի տպավորություն կստեղծվի, թե նոր կահույք ես գնել: Իսկ որպես լրացում կարող ես նույն երանգի ծաղկամաններ և նկարի շրջանակներ տեղադրել սենյակի տարբեր անկյուններում:
Իրական փաստ
Ուշադիր վարիր մեքենան: Ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու համար ամսական երեք անգամ տուգանվելու փոխարեն (1 տարում` մոտավորապես 300.000 ՀՀ դրամ) կկարողանաս ամսվա մեջ երկու անգամ գնալ մարմնի սկրաբ- մերսում պրոցեդուրայի:
Լուսանկարը ըստ HMI-ի













































































