Ինչպես պահպանել մազերի փարթամությունը օրվա ընթացքում, ինչպես վերացնել տարբեր գոյացությունները դեմքին և մեջքին, ինչպես ընտրել առավելագույնս անվնաս օծանելիք... Պարզիր այս բոլորը Cosmo գեղեցկության հարց ու պատասխանի միջոցով: 

Հարց: Ինչպե՞ս կարող եմ օրվա ընթացքում մազերիս ծավալ հաղորդել՝ առանց ձեռքի տակ համապատասխան միջոց ունենալու:

Պատասխան: Հեշտությամբ: Մազերդ հավաքիր գլխավերևում՝ պոչ կապելով: Այնուհետև քանդիր պոչը տասը րոպեից: Դա կօգնի մազարմատները բարձրացնել: Ժամանակ չունե՞ս: Մազերդ բարձրացրու և պոչիկով պահիր գլխավերևում մի քանի վայրկյան, հետո բաց թող: Արդյունքը կրկին գոհացուցիչ կլինի:

Հարց: Ծաղկահոտով օծանելիքս կարո՞ղ է գրավել մեղուներին:

Պատասխան: «Այո՛: Մեղուներին գրավում են քաղցր հոտերը, այդ թվում՝ ցանկացած ծաղկային, մրգային կամ քաղցրավենիքային հոտ»,- ասում է Քրեյգ Ուորենը Նյու Յորքի Sense of Smell ինստիտուտից: Եթե դու ալերգիա ունես մեղվի խայթոցի նկատմամբ, խուսափիր բույրերից կամ օգտագործիր դառը հոտեր:

Հարց: Ես դեմքիս բշտիկներ չունեմ. փոխարենը՝ դրանք մեջքիս են: Ի՞նչն է պատճառը:

Պատասխան: Քո մեջքն ավելի յուղոտ է, քան դեմքդ, բացի այդ՝ այն ամբողջ օրը ծածկված է: Տաք և խոնավ միջավայրն իդեալական է բակտերիաների և բշտիկների զարգացման համար: Գիշերն օգտագործիր Murad Clarifying Body Spray միջոցը, որը կպաշտպանի քեզ քրտնարտադրությունից: Ցնցուղի տակ լոգանքից հետո մարմինդ լվա 2%-անոց սալիցիլաթթու պարունակող օճառով: Դա նպաստում է ծակոտիների նեղացմանը:

Հարց: Ես սխալմամբ մի քանի տոն մուգ դեմքի քսուք եմ գնել: Կարո՞ղ եմ դա օգտագործել բրոնզագույն էֆեկտի համար:

Պատասխան: Այո՛, կարող ես, սակայն քսիր այն հատվածներին, որոնք իրականում արևահարվում են, մասնավորապես՝ ճակատին, քունքերին, այտոսկրերին, քթին և դնչին: «Սա քո մաշկին կհաղորդի արևայրուքի, այլ ոչ թե չափից դուրս դիմահարդարված տեսք»,- ասում է Dior-ի դիմահարդար Ռիկի Ուիլսոնը: Նախ և առաջ խոնավացրու մաշկդ քսուքով, այնուհետև օգտագործիր ավելի մուգ քսուքը: Այն տարածիր վրձնով՝ հարթ և հավասար ծածկույթ ստանալու համար:

Լուսանկարը ըստ HMI-ի