Պատրաստեց Գայանե Գալստյանը
Վարսահարդար Մելինե Ղորխմազյան («Ամետիստ» գեղեցկության սրահ)

«Վա~խ, էս ի՞ նչ սիրուն մազեր ունի Ջենիֆեր Էնիսթոնը...», ու միանգամից մտածում ես, որ նրա վարսերի շենշող փայլն ու փարթամությունը հնարավոր է միայն անձնական ոճաբան ունենալու և կլորիկ գումար ծախսելու դեպքում: Ամենևին էլ ոչ. Cosmo+ճիշտ ընտրված մասնագետ, ու բոլոր գաղտնիքները կբացվեն քո առջև:

Տաք եղանակ, արև... վտանգ

Քանի որ տաք եղանակին արևն ավելի ինտենսիվ է ազդում մազերի վրա, հարկավոր է ավելի ուշադիր լինել դրանց խնամքին՝ կտրել ամիսը մեկ անգամ՝ թարմացնելով ծայրերը, սանրել շատ հաճախ, ինչը կխթանի արյան շրջանառությունը գլխամաշկի շրջանում: Խորհուրդ չի տրվում կրել նեղ գլխարկներ կամ այլ աքսեսուարներ, որոնք խոչընդոտում են գլխի արյունատար անոթների բնականոն աշխատանքը: .
Առավոտյան ու երեկոյան գլուխդ կախիր առաջ, որպեսզի արյան շրջանառությունը հասնի նաև մազարմատներին:

Քո ձեռքով պատրաստված դիմակներ

Թարմ մրգերից պատրաստված մազերի դիմակը կարող է շատ անգամ ավելի օգտակար լինել, քան պատրաստի դիմակները: Ահա մի քանի խորհուրդ. կիտրոնից պատրաստված դիմակը մազերը լվանալուց հետո օգտագործելիս փայլ կհաղորդի, կառողջացնի մազերիդ վնասված հատվածները: Կիտրոնը նաև գունաբացում է դարչնագույն և ավելի բաց երանգ ունեցող մազերը: Նկատելի արդյունք ստանալու համար պետք է մզել երկու կիտրոն, ավելացնել մեկ բաժակ ջուր, մազերին լցնել լուծույթն ու պառկել արևի տակ 10-15 րոպե:

Ինչ վերաբերում է թեփին ու մազերի յուղայնությանը, ապա երիցուկը կօգնի այս հարցում. ավելացրու այն եռացող ջրում, բերանը փակ վիճակում պահիր 20 րոպե, այնուհետև օծիր մազերդ` գլուխդ լվանալուց հետո:
Հայտնի դիմակներից է մեղրի ու գարեջրի խառնուրդը, որն օգտագործում է Քեթրին Զետա-Ջոնսը: Կարծում եմ՝ կարող ենք վստահել նրա շքեղ մազերին, հը՞:

Ամեն ինչ սկսվում է սննդից

Մազերի խնամքի գերժամանակակից մեթոդներն անգամ իմաստ չեն ունենա, եթե դու սխալ ես սնվում: Հետևիր, որ սննդակարգումդ շատ չլինեն աղը, թեյը, սուրճը, շոկոլադը, ալկոհոլը, գազային ըմպելիքներն ու քաղցրեղենը:

Մազերի ու գլխամաշկի առողջության համար շատ օգտագործիր բանջարեղեն, մրգեր, ընկույզ, արևածաղկի սերմ, հում կաթ, կանաչեղեն, միս և ձու:

Ինչպես ճիշտ չորացնել մազերը

Մազերը լվանալուց հետո սրբիչի օգնությամբ չորացրու արմատները՝ մերսելով գլխամաշկը: Վարսահարդարիչը մի չարաշահիր և աշխատիր դեռ թաց վիճակում մազերը հանգիստ թողնել, որպեսզդի դրանք փոքր-ինչ չորանան. թաց վիճակում մազերն ավելի անպաշտպան են, քանի որ ավելի հեշտ են ձգվում և վնասվում: Ի դեպ, պետք չէ ամեն օր լվանալ մազերդ, որքան հաճախ դու լվանաս, այնքան արագ կսկսեն դրանք յուղոտվել:

P.S. Խոսելով մազերի մասին՝ չեմ կարող մի քանի խոսք չասել այս գարնան թրենդների մասին: Այսպես, այժմ նորաձև են ավելի բնական, մուգ գույները, ինչպես նաև շերտաներկումը: