Հարգելի՛ բժշկուհի, Ձեր պատասխաններից մեկում նշում էիք, որ կուսաթաղանթը պահպանել դեռ չի նշանակում կույս լինել: Խնդրում եմ մանրամասնել այս միտքը: Եվ ևս մեկ հարց. եթե ես իմ սիրելիի հետ զբաղվում եմ սեքսով առանց կուսաթաղանթս կորցնելու, դա վտանգավո՞ր է իմ սեռական առողջության համար։

Կուսաթաղանթ ունենալ և կույս չլինել նշանակում է, որ աղջիկը զբաղվում է սեռական հարաբերության այլ ձևերով` օրալ կամ անալ սեքսով: Դա կարող է ազդել սեռական առոջության վրա` հետագայում բերելով հեշտոցային հարաբերությամբ սեռական զգացողություն ապրելու դժվարության:

Մեկ տարուց ավելի է՝ բախվում եմ տարօրինակ խնդրի հետ։ Օրվա ընթացքում, երբ միզելու ցանկություն եմ ունենում, չեմ շտապում հոգալ կարիքներս, քանի որ մեզը պահելն ինձ հաճույք է պատճառում։ Չեմ կարող ասել` ինչպես եմ դա կառավարում, բայց ինձ զսպելիս հաճույք եմ զգում։ Գիտակցում եմ, որ այդպես վնասում եմ ինձ, սակայն չեմ կարողանում ազատվել այդ սովորությունից։ Հաճախ ցավեր եմ ունենում հաստ աղիքի և կույր աղիքի շրջանում։ Խնդրում եմ բացատրություն տվեք իմ վարքագծին և օգնեք ազատվել այդ սովորությունից:

Կարծում եմ, որ դու յուրօրինակ ձևով ես ինքնաբավարարմամբ զբաղվում: Հաճույքը, որի մասին խոսում ես, սեռական հաճույք է: Այն պայմանավորված է հատուկ մկանի կծկմամբ, որը մասնակցում է ոչ միայն օրգազմի առաջացմանը, այլև միզուկի արտաքին բացվածքի կառավարմանը: Դու անգիտակցաբար կծկում ես հենց այդ մկանը: Սակայն լիքը միզապարկով այդկերպ ինքնաբավարարմամբ զբաղվելը իրոք վտանգավոր է քո առողջության համար, հատկապես՝ երիկամների: Դու կարող ես նույն բանը անել դատարկ միզապարկով. այդ մկանը աշխատեցնելու համար պարտադիր չէ, որ քո միզապարկը լիքը լինի: Հարկավոր է ճանաչել այդ մկանը և կծկել ու թուլացնել այն, երբ դու սեռական հաճույք ապրելու կարիք ես ունենում: Իսկ ընդհանուր առմամբ, հոգեսեռական զարգացման մանրամասն վերլուծության կարիք կա` բացառելու համար որոշ հոգեսեքսուալ խնդիրներ, որոնք կարող են ազդել սեռական առողջության վրա:

Երկար ժամանակ է` ինձ մի հարց է անհանգստացնում: Ընկերություն եմ անում մի տղայի հետ, որին սիրում եմ և որի հետ ցանկանում եմ սեռական հարաբերություն ունենալ: 21 տարեկան եմ, և ինձ լիովին պատրաստ եմ զգում դրան, բայց կա մի «բայց». մեծ վախ ու մեղավորություն եմ զգում մայրիկիս հանդեպ: Նման մեղքի զգացումով սիրով զբաղվելը դժվար թե ինձ հաճույք պատճառի: Ինչպե՞ս կարող եմ հաղթահարել այդ խնդիրը:

Հարցն իրոք շատ նուրբ է և բարդ: Իրականում դու բախվել ես ժամանակների, աշխարհայացքների, դաստիարակությունների և սկզբունքների կոնֆլիկտին: Հասկանում եմ քո մտահոգությունը, բայց միևնույն ժամանակ չեմ կիսում քո կարծիքը, քանի որ քո սեռական կյանքը ոչ մի կերպ չպետք է կապակցված լինի քո ընտանիքի անդամների հետ: Այլ հարց է` արդյոք քո ընկերն այն մարդն է, ում դու փնտրել ես, կամ արդյոք քո զգացմունքները փոխադարձ են և անկեղծ, քանի որ եթե հարաբերությունները կառուցվում են անկեղծ և մաքուր զգացմունքների վրա, ապա ոչ մի վախենալու բան չկա, իսկ ծնողները ոչ մի իրավունք չունեն կառավարելու քո ինտիմ կյանքը: Մեղքի զգացումը, որ տածում ես մայրիկիդ հանդեպ, կարելի է վերացնել մի քանի այցելության միջոցով:

Ամուսնացել եմ մեկ շաբաթ առաջ: 7 օր է, ինչ ապրում եմ սեռական կյանքով, սակայն կուսությունս դեռ պահպանվում է: Երբ ամուսինս փորձում է հասնել կուսաթաղանթիս, օրգազմ է ապրում և արդյունքում չի հասցնում պատռել այն: Խնդրում եմ բացատրեք` ինչ է սա նշանակում:

Իրականում դու միաժամանակ նկարագրում ես մի քանի սեքսոլոգիական խնդիր: Կարծում եմ՝ խնդրի հիմնապատճառը պայմանավորված է քո ամուսնով: Հնարավոր է` անհամապատասխանություն կա նրա առնանդամի երկարության և քո կուսաթաղանթի տեղակայության միջև, այսինքն՝ զուտ ֆիզիոլոգիապես նա չի կարողանում հասնել կուսաթաղանթին: Դու նկարագրում ես նաև վաղաժամ սերմնաժայթքում: Այսինքն՝ այն ժամանակահատվածը, երբ տղամարդու մոտ սերմնաժայթքմամբ ավարտվում է սեռական ակտը, շատ կարճ է, և հետագայում այն հանգեցնելու է հավելյալ խնդիրների. դու չես հասնելու սեռական գրգռման պատշաճ մակարդակի և հնարավոր է, որ չկարողանաս օրգազմ ապրել: Կարծում եմ, որ պետք է դիմեք մասնագետի:

Հարգելի՛ մասնագետ, ինձ մտահոգում է հետևյալը. ամուսինս սեռական ակտից առաջ պարտադիր պետք է պոռնոնկարներ դիտի: Երբեմն փորձում եմ միանալ նրան, սակայն ներքուստ ինձ թերարժեք եմ զգում. գուցե ես այլևս նրան դուր չե՞մ գալիս։

Սովորաբար պոռնոնկարների դիտումը ունի մեկ նպատակ` հասնել սեռական գրգռման և պահպանել այն: Քո ամուսնու մոտ կա սեռական գրգռման խնդիր, դու նրա այս խնդրում որևէ մասնակցություն չունես և պետք չէ թերարժեք զգալ. խնդիրը նրանն է, այլ ոչ` քոնը: Այդ խնդիրը ենթակա է մասնագիտական միջամտության. խորհուրդ կտամ այցելել զույգային խորհրդատվության: Դու իրավունք ունես դժգոհելու նրա վարքից, ուստի հաստատակամ եղիր քո դիրքորոշման մեջ:

Ես ու նշանածս ունենք կանոնավոր սեռական կյանք, որը գոհացնում է թե՛ ինձ, թե՛ նրան: Հղիությունից խուսափելու համար ամեն անգամ սեռական ակտից հետո ջրով լվացումներ եմ անում: Խնդրում եմ ասեք, դա կարո՞ղ է ինչ-որ կերպ ազդել իմ սեռական օրգանների առողջության վրա:

Ջրով լվացումները 100%-ով չեն պաշտպանում հղիանալուց: Ինչ վերաբերում է սեռական առողջության վրա ազդելուն, դա կախված է այն բանից, թե ինչ կերպ եք դուք հարաբերվում, ինչպես նաև` լվացում անելու ձևից: Վտանգավոր կարող է լինել, եթե սեռական հարաբերության ժամանակ ինչ-որ ձևով հեշտոց թափանցեն բակտերիաներ` բերանի խոռոչից, ուղիղ աղուց, ոչ մաքուր ձեռքերից: Ներլվացման ժամանակ ևս բակտերիաները կարող են թափանցել արգանդ, իսկ հետո արգանդափողեր՝ առաջացնելով բորբոքումներ:

Լուսանկարը ըստ Shutterstock-ի